Անհրաժեշտ է ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված անկախ ինստիտուցիանալ կառույց և անհրաժեշտ է դա տեսնել մեկ ունիվերսալ մարմնում. Մարիամ Զադոյան
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների տեսակները: Որպես լավագույն փորձի օրինակներ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը խոսեց Լատվիայի և Լիտվայի հակակոռուպցիոն մարմինների մասին, որտեղ վերջերս ուսումնական այցեր է կատարել:
Փորձագետը նշում է, որ աշխարհում հակակոռուպցիոն մարմիննները լինում են 3 տեսակի.
- Ունիվերսալ,
- Տարանջատված,
- Ապակենտրոնացված:
Լատվիայում և Լիտվայում գործում են հակակոռուպցիոն ունիվերսալ մարմիններ: Լիտվայում Հատուկ քննչական ծառայությունն է, Լատվիայում՝ Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոն (ԿՆԱԲ-KNAB): Փորձագետի խոսքով՝ այս 2 երկրներում ունիվերսալ մարմնի ստեղծումը արդարացրել է իրեն, և դրանք հաջողված փորձեր են համարվում:
Լիտվայի և Լատվիայի հակակոռուպցիոն ունիվերսալ մամինները գործունեության երեք ուղղություններ ունեն.
- կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեություն,
- հակակոռուպցիոն կանխարգելում,
- հակակոռուպցիոն կրթություն:
Լիտվայում ծառայությունը ստեղծվել է 1997 թվականին՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մարմին, սակայն կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով այն սկսել է իր գործունեությունը ծավալել նաև հակակոռուպցիոն կանխարգելման ու կրթության ուղղությամբ։ 2018 թվականից Լիտվայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի կազմում ստեղծվել է նաև հակակոռուպցիոն վերլուծական ստորաբաժանում (Analytical Anti-Corruption Intelligence Department), որը միտված է բացահայտել երկրում տիրող զանազան կոռուպցիոն սխեմաներ։
«Նշյալը հանդիսանում է ևս մի փաստարկ՝ հօգուտ կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթները մեկ մարմնի կողմից իրականացնելուն, քանի որ ռեսուրսները բաշխվում են արդյունավետ, և նշյալ ստորաբաժանումն արդյունքում հանդիսանում է կապող օղակ կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնասյուներում առկա խնդիրները վեր հանելու, վերլուծելու և երկրի հակակոռուպցիոն քաղաքականությունը բարելավելու ուղղությամբ»,-նշում է Մարիամ Զադոոյանը։
Ոչ շատ վաղ անցյալում Լատվիայի Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոյում տեղի է ունեցել վերակազմավորում, որի արդյունքում բյուրոն՝ իր գործունեության երեք ուղղություններին ավելացրել է նաև մեկը․ հակակոռուպցիոն ռազմավարական վերլուծությունը և այդ նպատակով իր կազմում ստեղծել է Ռազմավարությունների մշակման դեպարտամենտ (Department of Strategy)։ Հիշյալ դեպարտամենտը ունի չորս ենթաբաժին, որոնք իրականացնում ենռազմավարական վերլուծություն, քաղաքականությունների մշակում, տեղեկությունների հավաքագրում և վերլուծություն, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցություն։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում 2017 թվականին ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, քանի որ Հայաստանի կառավարությունը որդեգրել էր հակակոռուպցիոն մարմնի ստեղծման տարանջատված մոդելը: «Կարող եմ նշել, որ նման մոդել գործում է Ուկրաինայում: Ըստ միջազգային ցուցանիշների՝ Ուկրաինան կոռուպցիայի դեմ պայքարում գտնվում է շատ ավելի վատ հորիզոնականում, քան՝ Հայաստանը, ուստի անհասկանալի է, թե ի՞նչ հիմնավորմամբ մենք պետք է որդեգրենք կոռուպցիայի դեմ պայքարի հենց Ուկրաինական մոդելը։ Ուկրաինայում այս պահին գործում են մի քանի հակակոռուպցիոն մարմիններ, և կարելի ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը Ուկրաինայում ձախողված է, քանի որ կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմինը թե Ուկրաինայի Թրանսփարենսի Ինթերնեշն հակակոռուպցիոն կենտրոնի, թե այլ միջազգային փորձագիտական գնահատականներով համարվում է կոռումպացված և ընդհանրապես արդյունավետ չգործող մարմին, իսկ իրավապահ մարմինները միմյանց հետ անբարեխիղճ մրցակցության մեջ են՝ երկուստեք ստեղծելով անհարկի խոչընդոտներ։ Ուկրաինայի միայն իրավապահ մարմիններից մեկն է վերջերս մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձի ձերբակալել, սակայն դա ինստիտուցիոնալ բնույթ չունի: Անհրաժեշտ է ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված ինստիտուցիանալ կառույց և անհրաժեշտ է դա տեսնել մեկ ունիվերսալ մարմնում, որպեսզի խուսափենք վերջերս դրսևորված հակակոռուպցիոն միջգերատեսչական մրցակցությունից, որի ցայտուն օրինակը Պետական վերահսկողության ծառայություն և Ազգային անվտանգության ծառայություն հակակոռուպցիոն անառողջ մրցակցություն է»,-նշում է Մարիամ Զադոյանը:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանին պետք չէ արտատպել որևէ այլ երկրների կոնկրետ հակակոռուպցիոն մարմնի մոդել, այլ անհրաժեշտ է որդեգրել կոռուպցիայի դեմ պայքարի մեր ուրույն մարմինն ունենալու տեսլականը, պետք է այդ մոդելը կառուցել ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի մոդելի հիման վրա, որպեսզի մարմինը կարողանա իրականացնել և՛ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեություն, և՛ կանխարգելիչ գործունեություն, և՛ կրթական գործունեություն։
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենալավ մոդելն է դա, օրինակ Սինգապուր, Հոնկ Կոնգ, Լեհաստան, Լիտվա, Լատվիա, Բութան, Բոտսվանա և այլն»,-նշում է Մարիամ Զադոյանը։
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: