Նվերների հաշվառման ռեեստրի վերաբերյալ ֆոկուս խմբային քննարկում՝ պետական և մասնավոր կառույցների, ՔՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ
Հունվարի 23-ին՝ առցանց ձևաչափով, տեղի ունեցավ ԲԿԳ Հայաստանի 2022-2024թթ. Գործողությունների ծրագրի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր» հանձնառության վերաբերյալ 1-ին ֆոկուս խմբային քննարկումը։
Քննարկման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր կառույցների հետ համատեղ քննարկել, թե մինչ այժմ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր» հանձնառության իրականացմանն ուղղված ինչպիսի գործողություններ են իրականացվել, վեր հանել նվերների հաշվառման և հանձնման կարգի սահմանման ուղղությամբ խնդիրները, ներկայացնել և հավաքագրել առաջարկությունները։
Ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանն իր բացման խոսքում ողջունեց քննարկման մասնակիցներին՝ քննարկման մասնակցության պատրաստակամության համար։
Ֆոկուս խմբային քննարկմանը մասնակցում էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային ժողովի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև «Յուքոմ» ՓԲ ընկերության, «ՀԿ կենտրոն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը ներկայացրեց վերոնշյալ հարցի շրջանակներում մինչ այժմ կատարված աշխատանքները, որին հաջորդեց մասնակիցների կողմից ֆոկուս խմբային քննարկումը։
Քննարկվեցին նվերների ռեեստրում պարունակվելիք տեղեկատվության հասանելիության, դրանց արխիվացման, վիճակագրության վարման գործիքների, ռեեստրի և առհասարակ նվերների հաշվառման, ստացման ու գնահատման նպատակով մշակված կարգավորումների մեջ կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցեր։
Ֆոկուս խմբային քննարկման մասնակիցները նաև ունեցան մի շարք հարցադրումներ նվերների գնահատման չափանիշների, թույլատրելի նվերների և դրանց գնային սահմանափակումների վերաբերյալ։
Նշենք, որ ֆոկուս խմբային քննարկումն իրականցվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որը միտված է «ԲԿԳ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թթ․ գործողությունների ծրագրի երկու հանձնառությունների՝ էլեկտրոնային արդարադատության և նվերների հաշվառման ռեեստրի ձևավորման գործում կառավարությանը աջակցության տրամադրմանը։