Կրթության հիմքով տարկետումը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու տարբերակ չպետք է դիտարկվի․ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ապրիլի 12-ին հանրային քննարկում էին կազմակերպել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագիծը մշակվել է ԿԳՄՍՆ-ի կողմից։
Այս նախագծով նախատեսվում է, որ կապահովվի որակյալ կադրերի պատրաստումը, և գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը: Հիմք կդրվի տարկետում տալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում խթանելու և զարգացնելու պետության համար գիտատեխնիական, արդյունաբերական և անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտները, կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը կբարձրացվի, որը հնարավորություն կտա կրթական բոլոր աստիճաններով ուսուցում ստանալ տարկետում ունեցող քաղաքացիներին:
«Շատ կարևոր է, որ մեր տաղանդավոր երեխաները, տղաները հնարավորություն ունենան իրենց կրթությունը շարունակեն ՀՀ բուհերում, որպեսզի այդ հավելյալ արժեքը ստեղծվի ոչ թե այլ պետությունների, այլ՝ Հայաստանի համար՝ ի բարօրություն մեր երկրի»,- իր բացման խոսքում նշեց ԻՀԱ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգող Կարեն Զադոյանը։
Նրա խոսքով՝ աշխարհը Հայաստանի հետ հաշվի կնստի այն դեպքում, երբ երկիրը կկարողանա աշխարհի համար ավելացված արժեք ստեղծել և գթասրտության վրա էլ հույս դնել պետք չէ․ ուժեղներն այլ երկրների հետ հաշվի չեն նստում միայն գթասրտության համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը նշեց, որ գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակիր լինելու և Շանհայի ռեյտինգով առաջին 50 տեղերում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:
«Այստեղ մի քանի առումներով կա անարդարացի վիճակ․ նախ՝ մեր բազմաթիվ երիտասարդ տաղանդավոր, մեր ապագան հանդիսացող տղաների ներուժն արհեսատականորեն ուղղորդում ենք արտասահմանյան բուհեր։ Չբացառելով, չսահմանափակելով միջազգային կրթության և այդ բուհերում կրթություն ստանալու առանձնահատկությունները, առավելություններն ու դրական կողմերը, այնուամենայնիվ, պետք է մեր մտավոր ներուժի էական բաղադրիչ համարվող երիտասարդության ինտելեկտուալ ծանրության կենտրոնը պահել և տեղափոխել հայաստանյան բուհեր։ Սա նաև կնպաստի մեր բուհական համակարգի զարգացամանը, լավագույն երիտասադրների հետ աշխատելու հնարավորութուն կլինի և այլն։
Հարկ է նշել, որ առաջնահերթությունը կտրվի պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները կսահմանի կառավարությունը:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը նշեց, որ ինչպես ցույց տվեց պատերազմը՝ 21-րդ դարում, 5-րդ սերդնի պատերազմներում ամենակարևոր բաղադրիչներից մեկն ինտելեկտն է։ «Մենք պետք է կարողանանք պատրաստել և օգտագործել այդ ինտելեկտը մեր երկրի համապարփակ անվտանգության տեսակետից։ Շատ կարևոր է հասկանալ, որ այսօրվա պատերազմները տեխնոլոգիական են և մի մասով հիմնված են արհեստական բանականության վրա ու մենք պարտավոր ենք կրթության ոլորտում ստեղծենք այնպիսի արժեքներ, որ մեր երիտասարդները կարողանան զարգացնել մեր ռազմարդյունաբերությունը, որովհետև մենք մեր ժողովրդի, հայրենիքի առաջ պարտքեր ունենք վերադարձնելու»,-ասաց նա։
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր դիրքորոշումը հայտնել է օրենքի նախագծի վերաբերյալ։
«Քննարկման բավականին մեծ դաշտ կա, սակայն այն լույսի ներքո, որ հարցը պետք է քննարկվի և՛ պաշտպանության նախարարության շահերի լույսի ներքո, և՛ կրթության, գիտության բնագավառի շահերի տիրույթում»,-իր խոսքում նշեց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության գլխավոր իրավաբան Արա Կոդաբաշյանը։
Էլբակ Էլբակյանը, ով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտորն է, նշեց․ «Օրենքի նախագիծը նախ բխում է պետական շահից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ եթե մենք կրթության անընդհատությունն ապահովում ենք, ավելի արդյունավետ, որակյալ կադրեր ենք պատրաստում»։ Նրա խոսքով՝ եթե համեմատություն տարվի զինծառայությամբ երկու տարով կրթության ընդհատում ունեցած և առանց ընդմիջման սովորող մասնագետների միջև, ապա տարբերությունն էական կլինի և այդ մասնագետները երկրի համար կարող են ավելի կարևոր առաքելություն իրականացնել։
Քննարկման մասնակիցները նշեցին, որ տարկետումը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու տարբերակ չպետք է դիտարկվի։ Խոսվեց նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու տարբերակների մասին։ Մասնակից կանանց կողմիցնաև հարց բարձրացվեց զինծառայությունում աղջիկների ներգրավման վերաբերյալ։ Նշենք, որ քննարկմանը մասնակցել են ինչպես պետական կառույցների, այնպես էլ ավագ դպրոցների, բուհերի, քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկման արդյունքում ստացված դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացվեն ԿԳՄՍ նախարարությանը։