Թափանցիկություն և հաշվետվողականություն՝ ««eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք» հանձնառության գործարկմամբ․ կայացել է ֆոկուս խմբային քննարկումը
Հունվար 29-ին տեղի ունեցավ ևս մեկ ֆոկուս խմբային քննարկում ««eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք» հանձնառության վերաբերյալ, որի ընթացքում քննարկվեցին հիմնականում վիճակագրության հանրային տարածման և թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված աշխատանքները և դրանց ուղղված խնդիրների հատկորոշումը, նախատեսվող գործողությունները։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ վիճակագրական կոմիտեի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչներ, ինչպես նաև փաստաբաններ, ոլորտային փորձագետներ, ՔՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Ֆոկուս խմբային քննարկաման սկզբում ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Ռուբինա Մխիթարյանն անդրադարձավ դատական վիճակագրության որակին՝ նշելով, որ որակն իր մեջ ներառում է նաև հանրության համար դատական իշխանության թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը։
Ապա, մասնակիցները նշեցին հրապարակվող տեղեկատվության շրջանակի ընդլայնման, ոլորտային տարբեր էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության, նորմատիվ իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների վերաբերյալ իրենց հարցադրումները, ինչպես նաև գործիքի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի վերաբերյալ դիտարկումները։ Հարց բարձրացվեց նաև ներկայումս հրապարակվող վիճակագրության հետ կապված։ Քննարկման մասնակիցները նշեցին, որ առավել նպատակահարմար կլինի, եթե վիճակագրությունը հավաքագրվի ավտոմատացված կարգով, այլ ոչ՝ մարդկային ռեսուրսի օգտագործմամբ և կեսամյակային կամ տարեկան ամփոփման տեսքով։
Նշենք, որ ֆոկուս խմբային քննարկումն իրականցվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործընկերությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որը միտված է «ԲԿԳ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թթ․ գործողությունների ծրագրի երկու հանձնառությունների՝ էլեկտրոնային արդարադատության և նվերների հաշվառման ռեեստրի ձևավորման գործում կառավարությանը աջակցության տրամադրմանը։