Կարեն Զադոյանը մասնակցել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին և դեմ է քվեարկել օրակարգային հարցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սույն թվականի փետրվարի 12-ին կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Խորհրդի նիստին մասնակցել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, խորհրդի անդամ Կարեն Զադոյանը:
Նիստի սկզբում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի մի քանի անդամներ, այդ թվում Կարեն Զադոյանը հանդես են եկել խորհրդի նիստերի օրակարգի ձևավորման հարցերի վերաբերյալ: Կարեն Զադոյանը առաջարկել է, որպեսզի խորհրդի անդամները տասնհինգ-քսան օրվա ընթացքում խորհրդի քարտուղարությանը ներկայացնեն խորհրդի նիստերի օրակարգային հարցեր, այնուհետև դրանք քննարկվեն և նախապատրաստվեն ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն ոլորտային աշխատանքային խմբում, որից հետո միայն ընդգրկվեն Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստերի օրակարգերում: Որպես խորհրդի նիստերում քննարկվելիք հարցեր Կարեն Զադոյանը առաջարկել է ազդարարների և ազդարարման համակարգի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռանգանձման, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ հարցերը: Քննարկման արդյունքում Վարչապետը հանձնարարել է Արդարադատության նախարարին այսուհետ կիրառել խորհրդի նիստերի օրակարգերի ձևավորման վերոնշյալ մոտեցումը:
Այնուհետև խորհուրդը սկսել է քննարկել օրակարգում ընդգրկված ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը:
Օրակարգի հարցի շուրջ զեկույցներով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ համայնքի ավագանու անդամների) և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Չնայած վերոնշյալ կարգավորմանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավագանու անդամ հանդիսացող հանրային ծառայողներին իրազեկել է, որ նրանք այլևս չեն կարող համատեղել հանրային ծառայողի և ավագանու անդամի կարգավիճակը:
Խորհրդի անդամները, քննարկելով օրակարգի հարցը, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է, որ անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակը հանդիսանում է շահերի բախման կանխարգելումը, իշխանության տարանջատման զսպումների և հակակշիռների ապահովումը: Խորհրդի անդամները մեծ մասը համակարծիք են եղել, որ համայնքի ավագանու անդամի անահամատեղելիության առկա պահանջները կարգավորող թիրախային օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց միատեսակ մեկնաբանությունը և կիրառումը հնարավոր չէ:
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը նշել է, որ ներկայումս առաջացած խնդրի լուծումը պետք է գտնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառման միջոցով, այն է հարցի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է տրամադրի պաշտոնական պարզաբանում, որից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է առաջնորդվի և օրենքը կիրառի այդ պաշտոնական պարզաբանման հիման վրա: Իսկ ապագայի վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի իրավական կարագավորումները պետք է փոխվեն և համայնքի ավագանու անդամները իրավունք չպետք է ունենան զբաղեցնելու իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում: Նաև պետք է ուսումնասիրվի ավագանու անդամներին իրենց պարտականություների կատարման դիմաց փոխհատուցում վճարելու հնարավորությունը:
Ծավալված քննարկումների արդյունքում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամներից մի քանիսը պնդել են, որ արդարադատության նախարարությունը պաշտոնական պարզաբանում չի կարող ներկայացնել, քանի որ այդ իրավունքը վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուստի խորհրդի մեծամասնությունը եկել է այն ընդհանուր դիրքորոշման, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, հստակ սահմանել անհամատեղելիության կանոններն առանց տարընթերցումների հնարավորությունների՝ սահմանելով, որ այս պահին այն ավագանու անդամներին, ովքեր անհամատեղելիության իրավիճակում են հայտնվել, պայմանականորեն ասած, համաներում է տրվում, հաջորդ պահից տեղի ունեցող բոլոր ընտրությունները տեղի կունենան՝ բացարձակ արգելք սահմանելով հանրային և պետական ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնողների համար: Այս որոշմանը դեմ են քվեարկել խորհրդի անդամ Կարեն Զադոյանը և խորհրդի անդամներից ևս մեկը, պնդելով որ առաջացած խնդիրը ենթակա է կարգավորման պաշտոնական պարզաբանման կառուցակարգի շրջանակում:
Նիստի ավարտից հետո, Կարեն Զադոյանը, առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի իրավական կարգավորումով, համաձայն որի նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է՝ դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև «Օրենսդրական ակտի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2020 թ.-ի հուլիսի 9-ի N 1159-Ն որոշման 2-րդ մասի 16-րդ կետով, որի համաձայն ՀՀ արդարադատության նախարարությունը տալիս է պաշտոնական պարզաբանում հակակոռուպցիոն քաղաքականության բնագավառը կարգավորող oրենսդրական ակտերի վերաբերյալ գրավոր դիմումով ՀՀ արդարադատության նախարարին առաջարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տալ պաշտոնական պարզաբանում հակակոռուպցիոն քաղաքականության բնագավառի իրավական ակտի` «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի (որը կարգավորում է հակակոռուպցիոն կառուցակարգ հանդիսացող անհամատեղելիության պահանջները և այլ սահմանափակումները) վերաբերյալ»:
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը նաև գրավոր դիմում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանին առաջարկելով հայտնել, արդյոք Կուռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն ընդգրկված է նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման իրավասու մարմինների ցանկում և արդյոք կարող է տալ նորմատիվ իրավական ակտի` «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում: Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավասու չէ պաշտոնական պարզաբանում տալ, ապա «Կուռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին 9-րդ կետի համաձայն մեկնաբանություն տրամադրի «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ:
Իր գրավոր դիմումների պատասխանները ստանալուց հետո Կարեն Զադոյանը պատրաստվում է դրանք ներկայացնել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ` դրանց հետագա ընթացքը ապահովելու նպատակով: