Բյուջետային ուսումնական ծրագրի ընդունելություն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար
Մեկնարկում է «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացվող Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) և Զանգվածային լրատվական միջոցների (ԶԼՄ-ներ) հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագիրը։
Ուսումնական ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք ցանկանում են ստանալ բյուջետային գիտելիքներ՝ խթանելով Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացը և նպաստելով պետական բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ուժեղացմանը։
Ուսումնական ծրագիրը սկսվելու է 2024 թվականի ապրիլից և տևելու է 4-5 ամիս:
Ուսումնական ծրագիրը իրականացվելու է հետևյալ երեք փուլերով.
ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ։ Այս փուլի շրջանակներում ՔՀԿ-ների ներկայացուցիչները կանցնեն առցանց դասընթացներ, որոնք բաղկացած են լինելու հետևյալ 4 մոդուլներից.
- Պետական բյուջեներ, բյուջեի վերլուծություն և մոնիթորինգ։
- Շահերի պաշտպանության իրականացում։
- Կարիքների վրա հիմնված հարակից կարողություններ։
- ԵՄ/Չեխիայի համանման փորձ:
Ուսուցումը կիրականացվի Բյուջետային գիտելիքի ուսուցման հարթակի (e-learning) տեսադասերի և ինտերակտիվ նյութերի միջոցով, որոնք մշակվել են Ծրագրի փորձագետների կողմից։ Յուրաքանչյուր թեմայի ավարտին մասնակիցները պետք է լրացնեն գիտելիքների ստուգման հարցաշարեր։
ԴԵՄԱՌԴԵՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ։ Այս փուլում առցանց փուլը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ների ներկայացուցիչները կմասնակցեն 8-օրյա դասընթացին (շաբաթական մեկ օր), որի ընթացքում կունկնդրեն դասախոսություններ (վարպետության դասեր) պետական բյուջեի, բյուջեի վերլուծության, մասնակցության մոնիթորինգի և իրականացման ու շահերի պաշտպանության թեմաներով, ինչպես նաև կկատարեն խմբային և անհատական վերլուծական աշխատանքներ։
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՄԵՆԹՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՄ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՐՏՈՒԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ։ Այս փուլի ընթացքում դեմառդեմ փուլը լիարժեք անցած մասնակիցները կայցելեն համապատասխան մարմիններ (օրինակ՝ ՀՀ կառավարություն, Ֆինանսների նախարարություն, Ազգային ժողով և այլն), ոլորտի մասնավոր, միջազգային և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ինչպես նաև կմասնակցեն Ծրագրի չեխ փորձագետների հետ վիրտուալ ուսուցման՝ Չեխիայի փորձի փոխանակման ոլորտում տեղական և ԵՄ գործնական աշխատանքին ծանոթանալու նպատակով։
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
Բոլոր 3 փուլերը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին մրցութային հիմունքներով ծրագրի շրջանակներում կտրամադրվեն ենթադրամաշնորհներ՝ բյուջեների կատարողականի հիմնական ցուցանիշները (KPI) վերլուծելու, բյուջետային ծրագրերի մոնիթորինգի և արդարադատության, կրթության, սոցիալական ապահովության և գյուղատնտեսության ոլորտներում կատարվող ծախսերին հետևելու, ինչպես նաև շահերի պաշտպանության քարոզարշավներ և հանրային քննարկումներ իրականացնելու համար։
Այն ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները, որոնք ցանկանում են մասնակցել ուսումնական ծրագրին, պետք է ներկայացնեն երկու ներկայացուցչի թեկնածություն և լրացնեն դիմում-հայտը մինչև 2024 թվականի մարտի 30-ը ներառյալ։
ՔՀԿ-ՆԵՐԻ և ԶԼՄ-ՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ.
ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները կա՛մ պետք է գործունեություն ծավալեն Ծրագրի առնվազն մեկ (1) թիրախային ոլորտում, կա՛մ պատրաստվում են գործունեություն ծավալալել Ծրագրի թիրախային ոլորտներից առնվազն մեկում:
ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները պետք է ունենան քիչ կամ միջին մակարդակի կարողությունների զարգացման փորձառություն ծրագրի թեմատիկ ոլորտներում:
Բարձր մրցակցության պարագայում առավելություն կտրվի այն հայտատուներին, որոնք նախկինում չեն մասնակցել նմանատիպ ուսումնական ծրագրի:
Նախատեսվում է, որ ուսումնական ծրագիրը ավարտելուց հետո մասնակից ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները ստացված գիտելիքներով կկիսվեն իրենց կազմակերպությունների մյուս աշխատակիցների հետ (ուսուցանողների ուսուցումների միջոցով) և կկիրառեն դրանք իրենց աշխատանքի մեջ:
Առավելություն կտրվի այն ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին, որոնք իրենց գործունեությունը իրականացնելուց ակտիվ կերպով ներգրավում են երիտասարդներին և կանանց:
(1) Ծրագրի թիրախային ոլորտների ցանկը ներառում է՝ արդարադատությունը, կրթությունը, սոցիալական աջակցությունը և գյուղատնտեսությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 54-01-99 կամ այցելել www.budgets.am բյուջետային գիտելիքի փոխանակման հարթակ:
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: