«Կոռուպցիոն հանցագործությունների ցանկը պետք է վերանայվի»․ Կարեն Զադոյանը՝ «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» թեմայով քննարկմանը

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակում ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական քննարկում է կազմակերպել։

Պետական մարմինների, միջազգային և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրության մասնակցությամբ քննարկվել են ազդարարման ինստիտուտի վերաբերյալ առկա կառուցակարգերը, դրանց շրջանակներում առաջացած, ինչպես նաև առաջացման ռիսկ ենթադրող հնարավոր իրավական և գործնական խնդիրները:

ԻՀԱ նախագահն իր բացման խոսքում նշել է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, այն պետք է վերանայվի։

«Մենք անընդհատ մոնիթորինգ ենք անում, պետական մարմիններն այդպես էլ չկարողացան բացատրել, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվել ցանկը կազմելիս։ Լուրջ խնդիրների ենք բախվելու, երբ սկսենք արտերկրում գտնվող ակտիվների վերադարձի հարցով զբաղվել։ Կարելի է ասել, որ նշված ցանկի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի միջև կապը թույլ է, կամ ընդհանրապես բացակայում է»,-նշել է Կարեն Զադոյանը՝ հավելելով, որ ազդարարման համակարգի զարգացումն էլ կապված է նշված ցանկի հետ։

Բացման խոսքում Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդգծել է ազդարարման ինստիտուտի դերը որպես կոռուպցիայի դեմ հանրային անհանդուրժողականության դրսևորման կարևորագույն հիմնաքար և կոռուպցիոն երևույթների դեմ հասարակության պրոակտիվ արձագանքման գործիք: Լիանա Թովմասյանը կարևորել է նաև ազդարարման համակարգի վերաբերյալ հանրության տեղեկացվածության բարձրացմանն ուղղված՝ Ազդարարման համակարգի իրազեկման համապետական արշավը, որի շրջանակներում Երևանում և մարզերում իրականացվելու են իրազեկման և կրթական մի շարք միջոցառումներ:

Քննարկման առարկա են դարձել նաև ներքին, արտաքին և հանրությանը ազդարարման տեսակների վերաբերյալ առկա կառուցակարգերի առնչությամբ գործնականում առաջացող խնդիրները, ազդարարման պատասխանատուների գործունեության ընթացքում ի հայտ եկած ռիսկերը, ինչպես նաև ազդարարների պաշտպանության մեխանիզմների կիրառելիության և դրա արդյունքում վերհանված իրավական խնդիրները:

Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը խոսել է ներքին և արտաքին ազդարարման մասին, որոնք, նրա գնահատմամբ, ցածր մակարադակի վրա են։

«6 տարվա ընթացքում ունեցել ենք ներքին ազդարարման 13, արտաքին ազդարարման 73 դեպք։ Ցածր ցուցանիշները պայմանավորված էին վատ իրազեկման աշխատանքներով, ինչպես նաև ինստիտուցիոնալ խնդիրներով։ Դեկտեմբերից արդեն, երբ մեկնարկել են իրազեկման աշխատանքները, նախարարն էլ է իր խոսքում նշել, որ 80 տոկոսով ավելացել են թե՛ ազդարարման քանակական, թե՛ որակական ցուցանիշները»,-նշել է փորձագետը։

Հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրել է ազդարարների պաշտպանության մեխանիզմների, անվտանգության և անանունության երաշխիքների կատարելագործման և խրախուսման մեխանիզմներին ուղղված կառույցի առաջարկները։

Փորձագետի խոսքով՝ խնդրահարույց են ինչպես ազդարարների պաշտպանության, այնպես էլ ազդարարների խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման հնարավորության և ֆինանսական փոխհատուցման տրամադրման կարգավորումները։

«Ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաև ԵՄ երկրները ներդրել են ազդարարների խրախուսման ֆինանսական մեխանիզմներ։ Համամասնություն է լինում պետությանը վերադարձված գումարի և ազդարարին՝ այդ գումարից տրված խրախուսման միջև, որը շուրջ 10-30 տոկոսն է։ Եղել են երկրներ, որոնք 1-2 տոկոս խրախուսման չափ են սահմանել և դա չի խթանել ազդարարման ինստիտուտի զարգացմանը»,-նշել է նա։

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ազդարարման ինստիտուտին առնչվող միջոցառումները և առաջիկայում իրականացվելիք օրենսդրական բարեփոխումները:

Ամփոփեով՝ մասնակիցները կարևորել են ինստիտուտի լավարկման շրջանակում իրականացվող քննարկումները։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները նշել են, որ պատրաստակամ են քննարկման առարկա դարձնել բոլոր մտահոգություններն ու առաջարկները և դրանք հաշվառել հետագա իրավական գործընթացների շրջանակում: