Մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 4-րդ հոսքը
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 4-րդ հոսքի մասնակիցներ են ընտրվել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդներ:
Դպրոցում սովորելու ընթացքում մասնակիցները կունկնդրեն հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, կայցելեն տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու նշված մարմինների հակակոռուպցիոն գործունեությանը և բարեխղճության սկզբունքների կիրառմանը: Դպրոցում կդասավանդեն ոլորտի հայտնի փորձագետներ` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի ղեկավարությամբ, ինչպես նաև պատկան մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի այլ դերակատարներ: Դպրոցի ունկնդիրները հնարավորություն կունենան դիտելու թեմատիկ ֆիլմեր, իրականացնելու գործնական աշխատանքներ և ուսումնասիրություններ, ինչպես անհատական հետազոտություններ, որոնք Դպրոցի օժանդակությամբ կտարածվեն, կհրապարակվեն և կներկայացվեն հանրային քննարկումների։ Դպրոցի ավարտական փուլում դպրոցի ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացված հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: