ԻՀԱ-ի առաջարկությամբ Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել
Արդարադատության նախարարությունում մայիսի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքների ցանկի վերանայման և այդ հանցանքների քննության քննչական ենթակայության վերաբերյալ:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը առաջարկություն է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկման համար։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ «Կոռուպցիայի դեմ կոնվենցիա»-ով սահմանված կոռուպցիոն հանցանքներին, ներկայացվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքով սհամանված կոռուպցիոն հանցանքների ցանկը, ինչպես նաև` ՏՀԶԿ կողմից Հայաստանի գնահատման 3-րդ և 4-րդ շրջափուլերի արդյունքում տրված գնահատականները։
Քննարկմանը ներկա էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ներկայացուցիչներ Դատական դեպարտամենտից, Գլխավոր դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հանդիպման արդյունքում՝ առաջարկվել է վերանայել կոռուպցիոն հանցանքների ցանկը և ըստ այդմ` քննչական ենթակայությունը՝ հիմք ընդունելով միջազգային ստանդարտները և ներպետական կարիքները։
Հանդիպման ավարտին որոշվել է իրականացնել բազմակողմ հետազոտություն և շարունակել աշխատանքային քննարկումները՝ բարձրացված հարցերին լուծում տալու համար։