Մեկնարկել է Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն մարմնի 8-րդ միջազգային գիտաժողովը․ ՀՀ-ից ներկա են Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը
Այսօր՝ մայիսի 22-ին, մեկնարկել է Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն մարմնի (ICAC) 8-րդ գիտաժողովը, որը նվիրված է մարմնի ստեղծման 50-ամյակին։ Այն կազմակերպվել է մարմնի և հակակոռուպցիոն մարմինների միջազգային ցանցի կողմից։
Գիտաժողովին ներկա են 60 երկրի 500 հակակոռուպցիոն առաջնորդ։
Հայաստանից հանձնաժողովի հանձնակատարի հրավերով միջոցառմանը մասնակցում են Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանը։
Հայկական պատվիրակությանը դիմավորել է Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի հանձնակատար Վու Յինգ-Մինգը։ Նա ողջունել է գիտաժողովի հակակոռուպցիոն առաջնորդներին, ներկայացրել է Հոնկոնգի հակակոռուպցիոն պայքարի փորձը, մաղթել արդյունավետ աշխատանքային օրեր։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել Հոնկոնգի վարչական շրջանի ղեկավար Ջոն Լի Կա-չիուն, որը իր բացման խոսքում նշել է, որ առաջիկա օրերի ընթացքում հակակոռուպցիոն առաջնորդներն այստեղ լսելու և քննարկելու են կոռուպցիայի դեմ պայքարի նոր խոստումնալից առաջընթացի ուղիները։
«Չնայած, որ տարբեր տեղերից եք, ձեր նպատակը ընդհանուր է. ինչպես լավագույնս կանխել և պայքարել կոռուպցիայի դեմ, խնդիր, որը խոչընդոտում է հասարակությունների և ժողովուրդների զարգացմանը, կայունությանը և բարեկեցությանը ողջ աշխարհում»,-նշել է նա:
Տեղեկացնենք նաև, որ առաջիկա օրերի ընթացքում կկայանան ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի պատվիրակության հանդիպումներ մի շարք երկրների հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների հետ: