Բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով համաժողով՝ դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, տեղի է ունեցել դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով համաժողովը։
Միջոցառմանը ներկա են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլի Մարագոսը, ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը և ոլորտի այլ մասնագետներ, դատավորներ։
ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշեց, որ մասնակիցների մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչպես են իրար հետ կապվում դատավորների գնահատումը և դատական վիճակագրության համակարգերը։
«Բանը կայանում է նրանում, որ միջազգային ստանդարտների և առաջավոր փորձի վերլուծությունը վկայում է այն մասին, որ վիճակագրությունը համակարգված և գիտակցված կիրառելու պարագայում կարող է արդյունավետ գործիք հանդիսանալ դատական գործունեությունը, կատարողականի արդյունքները գնահատելու, պլանավորելու և դատարանի արդյունավետ կառավարումն իրականացնելու գործում»,-նշեց ԻՀԱ նախագահը։
Կարեն Զադոյանը ընդգծեց՝ դատական համակարգում կատարողականի չափելիությունը և գնահատումը կարող է իրականացվել 3 մակարդակներում՝ ներպետական, առանձին դատարանների և անհատական (դատավորներ)։
«Հիմնական խնդիրներից մեկը գտնում ենք, որ դատավորների անհատական գնահատման համակարգի կատարելագործմանը միտված բարեփոխումները անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն՝ դատական համակարգի չափելիության և գնահատման կառուցակարգերի արդիականացմանն ուղղված տեսլականի ձևավորման շրջանակներում, որտեղ վիճակագրությունը կհանդիսանա դատական գործունեության կատարողականի արդյունքների գնահատման, պլանավորման և արդյունավետ կառավարման գործիք»,-նշեց Կարեն Զադոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իր բացման խոսքում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ԵՄ-ն եղել է և կա դատաիրավական բարեփոխումների ամենամեծ աջակիցն ու գործընկերը, նաև շնորհակալություն հայտնեց Արդարադատության նախարարությանը, որը մեծ աջակցություն է մշտապես տրամադրում դատաիրավական բարեփոխումների համար։
«Սա դատական համակարգի ամենակարևոր թեման է, ես, իհարկե, հասկանում եմ, որ մենք ունենք հրատապ խնդիրներ, մեզ հետաքրքրում են հայտնի քաղաքական գործեր, այսօր երկիրն ալեկոծված է քաղաքական որոշակի զարգացումներով, արտաքին քաղաքական մարտահրավերներով, ու այդ ամեն ինչի մեջ, երբ ծագում են որոշակի խնդիրներ, օրինակ, ցուցարարների ակտիվություն կամ ոստիկանների հակազդեցություն, առաջի բանը, որ մենք սկսում ենք լսել՝ ինչ են անելու դատարանները։ Մենք, երբ խոսում ենք երկրի տնտեսական, քաղաքական խնդիրների մասին, անպայման նշում ենք դատարանների դերը։ Հաճախ ոմանք փորձում են քավության նոխազ դարձնել դատարանները և մեղավոր ճանաչել դատարաններին»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ այսօր դատավորների գնահատման թեման ամենաարդիական թեման է, և այն կառույցները, որոնք հասկացել են, թե ինչքան կարևոր է այն, նշանակում է՝ հասկացել են նաև, թե ինչն է դատաիրավական բարեփոխումների սիրտը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունեց օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա դատավորների գնահատման գործընթացը։
Դեսպանը, անդրադառնալով համաժողովին՝ ընդգծել է, որ վիճակագրության և վիճակագրական վերլուծության կիրառումը չափազանց կարևոր է արդարադատության և հակակոռուպցիոն համակարգերի արդյունավետության համար։
«ԵՄ-ն կարևորում է ՀՀ-ում օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ դատաիրավական։ Այս պահին Հայաստանին բյուջետային և տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում։ ԵՄ-ն կարևորում է նման գործընթացների հնարավորինս ներառական և շահագրգիռ, բոլոր կողմերի ներգրավմամբ քննարկումները։ Ողջունում ենք նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նման միջոցառումների իրականացումը»,-նշեց դեսպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նախարարության անունից ողջունեց համաժողովի անդամներին, շնորհակալություն հայտնեց ԻՀԱ-ին, ԲԿԳ-ին՝ այս գործընթացներին մշտապես և շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։
Նա նշեց, որ ՀՀ Կառավարությունը 2018 թվականից ի վեր դատական և իրավական բարեփոխումների օրակարգը պահում է իր առաջնային թիրախում և այս օրակարգի շրջանակներում, բնականաբար, անկյունաքարային նշանակություն ունի դատական համակարգի շարունակական բարեփոխումը՝ տեսլական ունենալով առավել թափանցիկ, արդյունավետ և վստահություն վայելող դատական համակարգի ամրապնդումը։
«ԲԴԽ-ն Արդարադատության հետ, նաև ամերիկյան գործընկերների հետ համատեղ մշակել է բարեփոխումների նոր փաթեթ, որը միտված է դատարանների գնահատման ողջ համակարգի բարեփոխմանը, և միջազգային չափանիշներին համապատասխան, դրա արդիականացումը՝ սկսած չափանիշների վերանայումից, ընդուպ մինչև, ինչպես պարոն Անդրեասյանն էլ մանրակրկիտ ներկայացրեց, այդ ողջ գործընթացն իրականցնող հարթակի, այն է՝ գնահատման խորհրդի վերանայումը։ Առաջարկվող փոփոխությունները միտված են առաջնայինը ստեղծելու դատարանների գնահատումն իրականացնող անկախ մարմին՝ գնահատման օբյեկտիվություն ապահովելու համար և միաժամանակ բարեփոխելու դատավորների գնահատման չափանիշների և ցուցանիշների համակարգը՝ ներառելով առավել օբյեկտիվ քանակական և որակական տարրեր»,-ասաց Կարեն Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող/կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանի խոսքով՝ նախաձեռնությունը տարիներ շարունակ հանդիսացել է որպես մասնակցային քննությունն անցած հարթակ, որտեղ Հայաստանի Կառավարության գործողությունների ծրագիրը ձևավորվել է բացառապես մասնակցային լինելով և հանձնառությունները ներկայացված են եղել քաղաքացիական հասարակության, քաղաքացիների կողմից․ «Շատ կարևոր է, որ բոլոր հանձնառությունները իսկապես բխել են հանրային կարիքից, քաղաքացիակենտրոն են եղել։ Մենք ունեցել ենք մի շարք հանձնառություններ, որոնք ներդրել են թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի համակարգեր, օրինակ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգը, e-draft պլատֆորմը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս լինել մասնակից։
Առաջին անգամ է, որ 2022-24թթ․ ծրագիրը մշակելիս, մենք ստանձնեցինք դատական համակարգի վիճակագրական գործիքի պարտավորությունը։ Այդ ժամանակ դեռևս չէր ընդունվել դատական իրավական համակարգի ռազմավարությունը և շատ դժվար էր Կառավարության համար ստանձնել նման հանձնառություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանն իր բացման խոսքում ողջունեց համաժողովի անցկացումը, այն համարեց կառավարություն-քաղաքացիական հասարակություն-զարգացման գործընկերներ կառուցողական «եռախոսության» նոր ազդակ:
«Համապատասխանում է ԵՄ-Հայաստան միջև կնքված համընդհանուր ու ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի կողմից ստանձնաց պարտավորություններին և հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի 2013 թ. հոկտեմբերի 21-22-ի հայտարարության սկզբունքներին:
2014 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 60 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ընդունեցին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրման մասին հռչակագիրը, որով հիմնադրվեց Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիան:
Իր ստեղծման պահից մինչ օրս, հիմնականում առանց որևէ ֆինանսավորման, իր կազմակերպությունների մասնագիտական ջանքերով ու անձնական միջոցներով նախաձեռնել և մասնակցել է ՀՀ-ում մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը, այդ թվում` ապօրինի հարստացման քրեականացմանը, ազդարարման համակարգի և հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի, այդ թվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենսդրական դաշտի ստեղծմանը, հանրային գնումների գործընթացում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմանը, բիզնես և այլ ոլորտներում մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը: Նա ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանի հակակոռուպցիոն 3-րդ, 4-րդ և 5-րդ ռազմավարությունների և դրա իրականացման միջոցառումների ծրագրերի մշակման և հանրային քննարկման աշխատանքներին»,-նշեց Մովսես Արիստակեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Զեկույցներով հանդես եկան Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, դատավորների գործունեության գնահատման բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Անի Մխիթարյանը, «ԲԿԳ բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի փորձագետ Մարիամ Զադոյանը, ԻՀԱ փոխնախագահ, դատաիրավական և հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Մարատ Ատովմյանը, ՀՀ ԱՆ վերահսկողական վարչության 5-րդ բաժնի գլխավոր իրավաբան Սուսաննա Դավթյանը և Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության պետ Արմինե Ալիխանյանը։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, դատավորների գործունեության գնահատման բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Անի Մխիթարյանն ընդգծեց, որ քննարկումը շատ կարևոր հարցի մասին է։ Այնուհետև նա ներկայացրած աշխատանքային խմբի կողմից իրականացված փոփոխությունների բովանդակությունը, շեշտադրեց մի քանի առանցքային հարցեր, որոնք կարևոր են քննարկման համար։
«Գնահատման համակարգը նորամուծություն է մեր իրավական համակարգում, այն ներդրվել է 2018 թվականին։ Որպես նախադեպը չունեցող նոր ինստիտուտ անհրաժեշտություն կար, որպեսզի ԲԴԽ-ն իրականացնի միջազգային փորձի ուսումնասիրություն՝ գնահատման մեթոդաբանությունը ստեղծելու համար, որը կապահովեր օրենսգրքով սահմանված չափանիշների կյանքի կոչումը»,-նշեց Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ ստեղծվեց համակարգը, որը արտացոլում էր նաև միջազգային լավագույն փորձը, սակայն ՀՀ-ում չունեցավ այն արդյունքը, ինչի համար ստեղծվել էր։
ԻՀԱ փոխնախագահ, դատաիրավական և հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Մարատ Ատովմյանը նշեց, որ ժողովրդավարական հասարակությունում իրավունքի գերակայության ապահովման տեսակետից առնվազն երկու կարևոր նախապայման կա․
«Դա անկախ դատական իշխանության, անկախ դատական համակարգի առկայությունն է և կոմպետենտ դատարաններ ունենալն է, որոնք կապահովեն արդարադատության բարձր մակարդակ, բարձր որակ։ Դատավորների անհատական գնահատումը առնչվում է այս երկու հիմնասյուներին։ Դատավորների աշխատանքի անհատական գնահատումն անշուշտ պետք է բարելավվի արդարադատության որակը, սակայն չպետք է խախտի դատավորների անկախության սկզբունքը»։
Փորձագետի խոսքով՝ կա ռիսկ, որ դատավորը կարող է աշխատել պարզապես բարձր չափանիշներ ունենալու համար անտեսելով օբյեկտիվությունը։
«ԲԿԳ բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի փորձագետ Մարիամ Զադոյանն ընդգծեց, որ ուսումնասիրվել է Եվրոպայի խորհրդի արդարադատության համապատասխան ուղենիշները, ինչպես նաև ուսումնասիրվել են ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և ԱլԳ երկրների փորձը։
«Միջազգային ստանդարտների համաձայն՝ նախ դատական գործերի հոսքերի վերաբերյալ հիմնական փոփոխականները, որ ներկայացվում են, ընդգրկում են տվյալներ հաշվետու տարվա մակարդակով։ Օրինակ՝ գործերի քանակը տարվա սկզբին, հետո տարվա ընթացքում մուտքագրված գործերի քանակը, նույն տարվա ընթացքում լուծված գործերի քանակը և արդեն օրացույցային տարվա ավարտին ընթացիկ չլուծված գործերի քանակը»,-ասաց նա։
Մարիամ Զադոյանի խոսքով՝ հարց է առաջանում՝ արդյոք Սահմանադրական դատարանի վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է արտահայտվի դատական վիճակագրությունում։
Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության պետ Արմինե Ալիխանյանը խոսեց դատական վիճակագրության մասին, որը դեպարտամենտն է վարում։
«Այն ուղղված է դատարանների գործունեության արդյունավետության, թափանցիկության և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելուն։ Դատական վիճակագրությունն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Դա նշանակում է, որ մենք դատական գործերի էլեկտրոնային քարտեր ունենք, որոնք լրացվում են յուրաքանչյուր գործի համար։ Հենց այդ քարտեր միջոցով էլ արտացոլվում է դատական գործի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ինչի հիման վրա էլ դատարանները տալիս են հաշվետվությունները»,-նշեց Արմինե Ալիխանյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ դատական գործը՝ ստեղծումից մինչև արխիվացում, երևում է նշված քարտերով։
«Եթե քարտերը պատշաճ լրացված չեն լինում, մենք ոչ ճիշտ պատկեր կունենանք դատավորի վարույթում առկա դատական գործերի կամ ավարտված դատական գործերի վերաբերյալ»,-նշեց բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ ԱՆ վերահսկողական վարչության 5-րդ բաժնի գլխավոր իրավաբան Սուսաննա Դավթյանը խոսեց դատական վիճակագրական-վերլուծական գործիքի ներդրման կապակցությամբ արված աշխատանքը։ Նա ներդրված համակարգի 2 առանձնահատկություն նշեց․
«Նշված գործիքի կիրարկումը էական նշանակություն ունի դատարանների գործունեության արդյունավետության գնահատման տեսանկյունից։ Դատական գործունեությունն ավելի թափանցիկ և հաշվետվողական կդառնա։ Բացի այդ, գործիքը առանցքային դեր ունի դատական գործի արդյունավետ լուծման համար»,-ասաց Սուսաննա Դավթյանը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրվել է միջազգային փորձը, ընտրվել է լավագույն տարբերակը։ Դավթյանը նշեց, որ այժմ ծրագրային լուծման փուլում են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Այնուհետև պետական կառույցների ներկայացուցիչները, դատավորները, քաղհասարակության ներկայացուցիչները «հարց ու պատասխան» ֆորմատով քննարկեցին գործող համակարգի խնդիրները, խոսեցին նոր համակարգի գործարկման հեռանկարների, հնարավորությունների մասին։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը իր ամփոփիչ ելույթում շնորհակալություն հայտնեց համաժողովի բոլոր մասնակիցներին, ընդգծեց՝ ասոցիացիան իր ներուժը, փորձը, կարողությունները օգտագործում է, որպեսզի ՀՀ-ն ունենա իրապես անկախ դատական իշխանություն։
«Փորձելու ենք ոլորտի դերակատարներին օգնել իրազեկման բարձրացման ուղղությամբ։ Դատական բարեփոխումները պետք է հանրության համար տեսանելի, մարդիկ պետք է հավատան դրան, իսկ ճիշտ ուղերձները շատ կարևոր են։ Այդ առումով ԻՀԱ-ի կողմից գործարկվող Iravaban.net-ը հետայսու ավելի մասնագիտական և մատչելի ձևով անդրադառնալու է դատաիրավական բարեփոխումներին, փորձելու է բոլոր ուղերձները տեղ հասցնել, իսկ ԻՀԱ-ն շարունակելու է իր մշտադիտարկման գործունեությունը և՛ ռազամավարության, և ՛ դատավարական գործընթացներում՝ ներկայացնելով արձանագրված բացերը, խնդիրները։ Եվ ամենակարևորը, հանրային երկխոսության առումով հանրային քաղաքականությունների բարելավման համար է աշխատելու կառույցը»,-նշեց Կարեն Զադոյանը։
Բանախոսի խոսքով՝ ասոցիացիան շարունակելու է նման միջոցառումների ձևաչափով անդրադառնալ ոլորտային խնդիրներին, լուծել դրանք։ ԻՀԱ-ն այն տեսակետն է պաշտպանում, որ դատական իրական անկախությունը երկընտրանք չունի․ «Դատական իշխանությունը քաղաքական փոփոխությունների ազդեցություններից պետք է 100 տոկոսով զերծ մնա։ Մենք նման համակարգեր, կառուցակարգեր պետք է ունենանք»։
Կարեն Զադոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, աջակցող կառույցներին, ինչպես նաև Եվրամիությանը, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել այս միջոցառումն իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։