Հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2023-2026 թթ․ միջոցառումների ծրագրի 2023-2024 թթ․-ին իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման արդյունքների զեկույցը

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը (ԻՀԱ)՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի 2023-2024 թվականների տարեկան կատարման հասարակական մշտադիտարկում:
Մշտադիտարկման գործընթացի շրջանակներում կազմակերպվել են առցանց ֆոկուս խմբային քննարկումներ հիմնական շահագրգիռ կողմերի հետ, ներառյալ միջոցառումների ծրագիրն իրականացնողները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և փորձագետները: Որակական և քանակական մեթոդների կիրառությամբ ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ  հավաքագրվել է համապարփակ տեղեկատվություն, որի արդյունքում կատարվել են երկու մակարդակի գնահատումներ․ ընթացակարգային (քանակական) և ազդեցության մակարդակի (որակական): Մշտադիտարկման խմբի կողմից մշակված մեթոդոլոգիային համաձայն կատարված գնահատումները ներկայացվում են ստորև։

Ընթացակարգային (քանակական) գնահատումն իրականացվել է հետևյալ երկու բանաձևերով՝

  1. ամբողջությամբ կատարված գործողությունների քանակի տոկոսային հարաբերակցության մեթոդով՝ գործողությունների ընդհանուր թվի նկատմամբ, որի արդունքում ընթացակարգային (քանակական) գնահատման ցուցանիշը 2023-2024թթ-ների համար կազմել է 30.43%,
  2. վարիացիոն շարքի համակշռված միջինի մեթոդով, որի արդունքում ընթացակարգային (քանակական) գնահատման ցուցանիշը 2023-2024թթ-ների համար կազմել է 64.13% 

Ազդեցության մակարդակի (որակական) գնահատման նպատակով գնահատվել են մեթոդոլոգիայով մշակած չափանիշներին համապատասխան 7 գործողություն, որոնց կատարումը գնահատվել է ոչ ամբողջական իրականացված։

Հասարակական մշտադիտարկման արդյունքում կազմվել է զեկույցի նախագիծ, որն ուղարկվել էր ռազմավարության կատարող և համակատարող բոլոր պետական մարմիններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ նախագծի վերաբերյալ առաջարկներ ու դիտարկումներ ստանալու նպատակով: Արդյունքում, ամփոփելով ստացված առաջարկներն ու դիտարկումները, մշակվել է զեկույցի վերջնական տարբերակը:

Ծանոթացե՛ք Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի 2023-2024 թվականների տարեկան կատարման մշտադիտարկման արդյունքների զեկույցին այստեղ։

Նաև նշենք, որ 2025 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցավ զեկույցի շնորհանդեսը, որի շրջանակներում ներկայացված սահիկաշարին կարող եք ծանոթանալ այստեղ։