ԻՀԱ փոխնախագահը մասնակցել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանը մասնակցել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստին, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների, գնումների ոլորտում քրեական գործերի, կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և ազդարարման համակարգի վերաբերյալ հարցերը:
Ազդարարման համակարգի զարգացման ոլորտում կատարված աշխատանքները ներկայացվել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանի կողմից։ Արդարադատության նախարար նշել է, որ Ազդարարման համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում վերջին շրջանում աճել է ազդարարումների թիվը: Մասնավորապես, տեղեկացվել է, որ 2021 թվականին ազդարարման թիվը եղել է 75, 2022 և 2023 թթ.-ին` 116-ական, 2024-ին` 380, իսկ 2025-ի առաջին կիսամյակում արդեն իսկ այդ թիվը հասել է 282-ի:
ԻՀԱ փոխնախագահը նշել է, որ կազմակերպությունը մշտապես հանձառու է օժանդակել ՀՀ կառավարությանը հակակոռուպցոին և իրավական բարեփոխումների գործընթացում։ Այդ տրամաբանության շրջանակներում, վերջին տարիներին օժանդակել է ՀՀ արդարադատության նախարարությանը Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 գործողությունների ծրագրում ներառված ազդարարման համակարգի բարելավմանն ուղղված գործողությունների կատարման հարցում։ Մասնավորապես, ԱՆ-ի և ԻՀԱ-ի կողմից համատեղ մշակվել է «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերը։ Նույն համագործակցության շրջանակներում մշակվել են նաև ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 272-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի վ 439-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։
Նախագծերի մշակման համար, առավելապես հիմք են հանդիսացել ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետների կողմից մշակած փորձագիտական վերլուծությունները։
Բացի այդ, ԻՀԱ-ն՝ ՀՀ ԱՆ-ի հետ համատեղ իրականացրել է լայնածավալ վերապատրաստումներ և իրազեկման միջոցառումներ Երևանում և բոլոր մարզերում (Սյունիք, Շիրակ, Տավուշ, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտն, Կոտայք, Արմավիր, Վայոց ձոր, Տավուշ)՝ ընդգրկելով 788 մասնակցի՝ ուսուցիչների, դպրոցականների, դասախոսների, բուհերի ուսանողների, գործարար համայնքի ներկայացուցիչների, համայնքային և քաղաքացիական ծառայողների մասնակցությամբ: Վերապատրաստումները ներառել են ազդարարման համակարգի, ազդարարների իրավունքների, Azdararir.am առցանց հարթակի, թվային անվտանգության, հարթակից օգտվելու և անանուն հաղորդումներ ներկայացնելու վերաբերյալ: Դասընթացի կարևոր մաս են կազմել նաև գործնական աշխատանքները, որոնք ուղղված էին ազդարարի՝ օրինավոր քաղաքացու կերպարի վերաբերյալ ընկալումները փոխելուն։
Վերապատրաստումների արդյունավետությունը գնահատելու նպատակով, ԻՀԱ-ի թիմի կողմից ներդրվել էր գործիք՝ ազդարարման համակարգի ընկալումների և գիտելիքների ելակետային և վերջնական արդյունքները ստուգելու նպատակով, ինչի արդյունքում գնահատվել է վերապատրաստման արդյունավետությունը, գրանցվել է վերապատրաստված անձանց ընկալումների և գիտելիքների աճ։ Մասնավորապես, վերապատրաստման առաջին փուլում, որին մասնակցել են 222 քաղաքացիական և համայնքային ծառայողներ Երևանում և ՀՀ մարզերում, վերջնարդյունքում գիտելիքի գնահատման արդյունքում գրանցվել է 35%։ Երկրորդ փուլում, որին մասնակցել են ընդհանուր թվով 566 համայնքային ծառայողներ, ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, դասախոսներ և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ Երևանում և ՀՀ մարզերում, վերջնարդյունքում գիտելիքի գնահատման արդյունքում գրանցվել է 55.64%։
ԻՀԱ-ն նաև մշակել է Տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգի մեթոդոլոգիական ուղեցույցներ՝ ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում։ Բացի այդ, մշակվել է «Ազդարարման Ձեր թվային իրավունքը» ձեռնարկը, որում ներկայացվում է ուղեցույց այն մասին, թե ինչպես ապահովել գաղտնի, անանուն հաղորդման ներկայացումը՝ միաժամանակ մատնանշելով հաղորդման արդյունավետ քննության համար անհրաժեշտ և բավարար պայմանները։
Հարկ է նշել, որ ԻՀԱ-ի կողմից վերապատրաստումները իրականացվել են «Ազդարարի՛ր, Հայաստան» և «Կառավարման ոլորտում՝ ԵՄ և ԱլԳ համագործակցության շրջանակներում հակակոռուպցիոն գործունեությանն ուղղված ռազմավարական հաղորդակցության մշակում և իրականացում»ծրագրերի շրջանակներում, որոնք ԻՀԱ-ն իրականացրել է բաց մրցույթների արդյունքում։