ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո. կայացավ երկօրյա միջազգային հակակոռուպցիոն համաժողովը
Ապրիլի 17-ին և 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը:
Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին ողջույնի իր խոսքում նշեց, որ կոռուպցիայի դեմ պայաքարում Հայաստանում տեսանելի արդյունքներ կան, ինչի համար շնորհավորում է: «Ինձ պես մարդկանց համար Հայաստանն այսօր այլ երկիր է, քան եղել է մեկ տարի առաջ: Սա մի բան է, որով կարող եք հպարտանալ և ոչ միայն կառավարությունը, քանի որ, իմ կարծիքով, սրա մասին երազել է ողջ հայությունը: Բայց, ինչպես պաշտոնատար անձանց հետ կապված որոշ դեպքերն են ցույց տալիս, կոռուպցիոն ռիսկերը մնայուն են: Այսպիսով, պատրաստ եղեք երկար պայքարի: Եվրոպական միությունը մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,-նշեց Պյոտր Սվիտալսկին:
Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նախարար Արտակ Զեյնալյանի անունից շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին համաժողովը կազմակերպելու և միջոցառման մասնակիցներին՝ իրենց ներկայությամբ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրագործման պատասխանատու հարցում ներդրում ունենալու համար: «Ինչպես նկատել եք, կոռուպցիան արմատախիլ անելու վճռականությունը ցայտուն կերպով արտացոլված է նաև կառավարության ծրագրում և կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ուղով տանելու նպատակով, կարևորվում է ռազմավարական և ինստիտուցիոնալ քայլերի զուգակցումը: Վերոգրյալի համատեքստում չափազանց կարևորում եմ նման համաժողովների կազմակերպումը և իրականացումը, քանզի սա լրացուցիչ հարթակ է ականջալուր լինելու քաղաքացիական հասարակության առաջարկություններին և մտահոգություններին, միջազգային մասնագետների կողմից ներկայացված փորձին, պետական մարմինների ներկայացուցիչների կարծիքներին»-նշեց է Տիգրան Խաչիկյանը:
Նա նաև անդրադարձել է միջոցառման առանցքային նշանակությանը և նշել, որ այն բաղկացած է լինելու կոռուպցիայի դեմ պայքարում վճռորոշ դեր խաղացող բաղադրատարրերի վերաբերյալ քննարկումներից, մասնավորապես, գողացված ակտիվների վերականգնման մեխանիզմներ, ազդարարման համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարում կանխարգելիչ գործունեություն, հակակոռուպցիոն կրթություն:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր խոսքում նշեց, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները աննախադեպ են Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության կտրվածքով: «Դժվար է գերագնահատել համաժողովի նշանակությունը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետական համակարգ-քաղհասարակություն ձևաչափով, միջազգային փորձագետների ներգրավմամբ, քննարկման առարկա է դարձվում Հայաստանի Հանրապետության, իբրև սոցիալական, իրավական և
ժողովրդավարական երկրի զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունեցող հակակոռուպցիոն մշակվող ռազմավարության առաջնահերթությունները, այդ չարիքի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու խնդիրը: Իրավապահ համակարգը և մասնավորապես ՀՀ դատախազությունն այստեղ ունի առաջնային դերակատարում և առաքելություն»,-ասաց դատախազը:
Նա նշեց, որ նախորդ տարի ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերի քանակը 2017թ. ցուցանիշը գերազանցել է գրեթե 4 անգամ, հարուցված քրեական գործերինը՝ 3.6 անգամ: Կոռուպցիոն հանցագործություններ առերևույթ կատարելու համար 2017թ. համեմատ քրեական հետապնդման է ենթարկվել ավելի քան 60 տոկոսով ավելի անձ: Գրեթե նույնքան ավելի է եղել քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը:
«2018թ. փողերի լվացման հատկանիշով 7 քրեական գործ է հարուցվել: Դա այն դեպքում, երբ 2017թ. այդ հանցակազմով քրեական գործեր չեն հարուցվել: Իսկ օրենսդրորեն ապօրինի հարստացման քրեականացումից հետո, անցած տարվա ընթացքում, այդ հանցագործության հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ:
2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի՝ միայն նախապատրաստված նյութերով և քննված քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված գույքային վնասը 2017թ. արդյունքը գերազանցում է 12 անգամ, իսկ պատճառված ընդհանուր վնասից վերականգնման ցուցանիշը՝ 15 անգամ»,-ներկայացրեց գլխավոր դատախազը:
ՄԱԶԾ Հայաստան, մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասիի խոսքով, ողջունելի է նման համաժողովի անցկացումը, որի ժամանակ փորձագիտական երկար ճանապարհ անցած մասնագետները կկարողանան կիսվել իրենց փորձով:
«Այժմ Հայաստանում արագ միջակություններից պետք է անցնել հեռանկարային մտածելակերպին. առ այն, թե ինչպիսին պետք է լինի հակակոռուպցիոն ռազմավարությունը, ինչպիսի ինստիտուցիոնալ կառույցներ պետք է լինեն և ընդհանրապես հասարակությունում ինչ փոփոխություններ պետք է տեղի ունենա, որպեսզի կոռուպցիան նվազի: Մենք չենք ասում արմատախիլ անել, որովհետև չկա մի երկիր աշխարհում, որտեղ կոռուպցիոն արմատախիլ արված լինի»,-նշեց նա:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը համաժողովի կազմակերպիչների անունից շնորհակալություն հայտնեց տարբեր երկրներից և Հայաստանից ժամանած հյուրերին՝ միջոցառման մասնակցության համար: «Միջոցառումը շատ կարևոր է, քանի որ քննարկվելու է հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ունենք կարևորագույն խնդիրներ՝ կապված ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն համակարգի, ակտիվների վերադարձի, հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և իրավապահ գործունեության հետ կապված»,-ասաց Կարեն Զադոյանը:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ներկայացում
Համաժողովի առաջին քննարկումը վարում էր ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը: «Հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակումն աշխարհում բավականաչափ հղկված պրոցես է: Այս մասին ունենք գրված գրքեր, վերլուծություններ, ակադեմիական մակարդակով աշխատանքներ են կատարվել: Հայաստանը ևս ունի իր փորձն այս ոլորտում: Շատ կարևոր է, որ այս պրոցեսը լինի մասնակցային»,-իր խոսքում նշեց Սուրեն Քրմոյանը:
ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը ներկայացրեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և 2019-22թթ. միջոցառումների ծրագիրը: Նա նշեց, որ ծրագրի վերաբերյալ նախարարությունը 300-ից ավելի առաջարկություններ է ստացել, որոնց հիմնական մասը արվել է հասարակական կազմակերպությունների կողմից: «Մենք կառավարության ծրագրի համատեքստում ունենալու ենք կոռուպցիայի դեմ պայքարի դասական ուղղությունները. այսինքն՝ հակակոռուպցիոն քաղաքականության ընդհանուր բովանդակություն, այնուհետև անդրադառնալու ենք կոռուպցիայի կանխագելմանը, կոռուպցիոն գործերի քննությանը, հանրային իրազեկմանն ու հակակոռուպցիոն կրթությանը»,-նշեց Մարիամ Գալստյանը: Նա նաև հավելեց, որ առաջարկությունների հիման վրա նախագծի տեքստային հատվածում առավել շատ անդրադարձ է կատարվելու իրականացվելիք ուղղություններին, մատնանշվելու են նախորդ ռազմավարությունում ունեցած բացթողումները:
ՄԱԿ-ի զարգացման Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական, ՄԱԶԾ Սինգապուրի գլոբալ կենտրոնը ներկայացնող Անգա Թիմիլսինան նախ ներկայացրեց, թե առհասարակ ինչու է հարկավոր հակակոռուպցիոն ռազմավարություն ունենալը: Նա նշեց, որ այժմ իրենց կենտրոնի կողմից շարունակվում են հակակոռուցպցիոն ռազմավարությունների և մարմինների ուսումնասիրությունները:
«ՄԱԶԾ-ն ունի ավելի քան 2 տասնամյակի փորձ՝ ազգային հակակոռուցպցիոն ռազմավարությունների և մարմինների ոլորտում: Մեր առաջին հրապարակումը 2005 թ-ին էր, որում մենք դիտարկում էինք աշխարհում 17 մոդել և սա նույնիսկ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեպ կոնվենցիայից առաջ: Ամեն տարի կոռուպցիայի նոր տեսակ է ի հայտ գալիս, և մենք պետք է խելացի լինենք՝ հասկանալու, ինչն է աշխատում, իսկ ինչը ՝ ոչ»,-ասաց Անգա Թիմիլսինան:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացից քաղված դասերը: Նա նշեց, որ եթե անգամ ուժեղ փաստաթղթեր կան ներկայացված, սակայն դրանք չեն իրականացվում, ապա հանրության սպասելիքներն էլ չեն իրականանում, քանի որ ինչ-որ ժամանակ անց, երբ ռազմավարության ժամկետները վերջանում են, նոր ռազմավարության կարիք է լինում և նոր գործողություններ են մշակվում՝ նախորդները չկատարված: «Շատ կարևոր է, որ ներկա գործընթացը հանրային մեծ մասնակցությամբ ու փորձագիտական քննարկումներով է ընթանում, ի տարբերություն նախկինի, երբ կառավարության կողմից ընդունվեց հայեցակարգը և միայն այդ պահին իմացավ քաղաքացիական հասարակության մեծ մասը և մենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ հայտարարություն տարածեցինք: Այս անգամ լավ է, որ մինչև նախագիծը կդրվեր e-draft-ում, քաղհասարակության կազմակերպությունների մոտ քննարկվեց, այնուհետև e-draft-ում քննարկման ժամկետը երկարացվեց, կարելի է ասել հիմա էլ է երկարացվել և մենք ունենք շատ մեծ հնարավորություն՝ այս հավաքը, որպեսզի ներազդենք որոշումների վրա»,-նշեց Կարեն Զադոյանը:
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մատնանշեց հակակոռուպցիոն ռազմավարության առաջնահերթությունները: Նա նշեց, որ նախորդ տարում եղած հեղափոխությունը մարդկանց դժգոհության գագաթնակետն է եղել, որն առաջացել էր կոռումպացված համակարգի հետևանքով: «Դա ցույց է տալիս, որ 2013 թվականից մինչ հիմա ունեցած ռազմավարության 3 փաստաթղթերն ու դրանց իրականացումն ակնհայտորեն չէին հասցնում որևէ դրական փոփոխության և պետության զավթումը, կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականությունը, անպատժելիությունը, սոցիալական անարդարությունը ինչ-որ պահի պարզապես հագեցրին հասարակությանը և նա դիմեց այդ քայլերին: Հեղափոխությունն ինքը տալիս է այն գնահատականը՝ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարությունը դրած ջանքերի՝ ինչն էլ, ըստ էության, եղել է քաղաքական կամքի բացակայություն»,-ասաց Սոնա Այվազյանը:
Հակակոռուպցիոն անկախ ինստիտուցիոնալ համակարգ
Համաժողովի 2-րդ քննարկումը ծավալվեց հակակոռուպցիոն անկախ ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ: Քննարկումը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը: «Քանի որ կոռուպցիայի հակազդման առաջնային ուղղություններից է միջազգային սերտ համագործակցությունը, մենք այսօր բացառիկ հնարավորություն ունենք միջազգային և տեղական մասնագետների փորձագիտական ներուժն օգտագործելով հասկանալու, թե հակակոռուպցիոն անկախ ինստիտուցիոնալ համակարգի ո՞ր մոդելն է կիրառելի Հայաստանում»,-ներկայացրեց Լուսինե Նալբանդյանը:
ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը ներկայացրեց Հայաստանում հակակոռուպցիոն անկախ ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման մարտահրավերները: Նրա խոսքով, հիմա ամենակարևոր հարցադրումն այն է, թե արդյո՞ք մեզ պետք է հակակոռուպցիոն մարմին, քանի որ կան արևմտյան երկրներ, որոնք փաստացի չունեն նման մարմին, բայց հակառակ դրան, կոռուպցիայի դեմ պայքարում ավելի լավ ցուցիչներ ունեն, քան Հայաստանը: «Իմ կարծիքով, մենք այդ մարմնի կարիքը ունենք, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարում մեր ցուցիչները, ցավոք, այդքան լավը չեն: Հուսով ենք, որ ժողովրդավարական բարփոխումների իրավիճակի փոփոխման ընտրությունների արդյունքում մեզ համար պատուհան է բացվել, որպեսզի կոռուպցիայի դեմ համակարգված պայքար իրականացնենք և այն պետք է օգտագործենք մարմնի ստեղծման կոնտեքստում»,-նշեց Սուրեն Քրոմյանը՝ ընգծելով այն, որ չկա մարմնի մոդելի մի օրինակ, որը կհամապատասխանեի Հայաստանին և պետք է տեղական փորձի հիման վրա ստեղծել սեփականը: Նրա խոսքով, մարմնի ստեղծման հիմնական 3 գորածառույթներն են. քաղաքականության մշակմումը և կոռուպցիայի կանխարգելումը, կրթությունն ու իրազեկումը, իրավապահ մարմինների գործառույթները՝ քրեաիրավական մեթոդներով:
Սինգապուրում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանրային ծառայության արդյունավետության բարելավման գլոբալ կենտրոնի «Կոռուպցիայի դեմ պայքարը խաղաղության և ներառական հասարակությունների համար» ծրագրի ղեկավար Աիդա Արությունովան ներկայացրեց հակակոռուպցիոն մարմինների անկախության և արդյունավետության գլոբալ փորձը՝ մասնավորապես նշելով Սինգապուրի, Հարավային Կորեայի և Հոնգ Կոնգի փորձը:
«Մենք ունենք Սինգապուրի անցյալի և ներկայի գեղեցիկ համեմատականը: Այս երկրները 30-40 տարիների ընթացքում զարգացող երկրներից դարձել են զարգացած երկրներ: Այս անցման հիմքում 5 գործոններ են դրվել. ուժեղ քաղաքական կամք; արդյունավետ օրենքներ, օրենքների կատարում և անկախ դատական համակարգ; արժանիքների վրա հիմնված մրցկացային հանրային ծառայություն; անկախ և արդյունավետ հակակոռուպցիոն մարմին, հանրության կողմից կոռուպցիայի հանդեմ զրո հանդուրժողականություն»,-մանրամասնեց Աիդա Արությունովան:
Հայաստանի համար նախընտրելի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման համապարփակ մոտեցումը ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նրա խոսքով, երբ տարիներ առաջ Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի մասին դեռևս ոչ մի խոսակցություն չկար և ԻՀԱ-ն սկսել էր բարձրաձայնել, որ մասնագիտացված մարմին է հարկավոր ունենալ՝ թեման բարձրաձայնողներին որպես այլմոլորակայիններ էին ընդունում: Կարեն Զադոյանը նշեց, որ դեռևս նախկին իշխանությունների օրոք ուսումնասիրություն է կատարվել արդարադատության նախարարի կողմից ստեղծված աշխատանքային խմբի միջոցով, որին մասնակցել են պետական մարմինների և քաղհասարակության դերակատարները: «Այսօր խնդիրը միայն մարմնի ստեղծումը չէ, դա ամբողջական խնդիր է և մենք պետք է համակարգային ու համապարփակ նայենք, որովհետև, եթե խոսքը գնում է իրավապահ թևի մասին (նախաքննության և հետաքննության օպերատիվ լիազորություններ ունեցող), ապա մենք պետք է այդ գծով ամբողջական պատկերը ունենանք: Պետք է ունենանք դատախազական մասնագիտացված ստորաբաժանում, որը կարող է իրապես իրականցնել դատախազական հսկողություն, պետք է ունենանք մասնագիտացված դատարան, որը կկարողանա ավարտին հասցնել այդ աշխատանքները»,-ասաց Կարեն Զադոյանը:
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ընտրության և ներդման մարտահրավերները: «Հայաստանն այժմ ընդհանուր առմամբ 4 մարտահրավեր ունի կոռուպցիայի դեմ պայքարում: Առաջին հերթին ակտիվների վերադարձն է, երկրորդ հերթին՝ նախկին կոռուպացված պաշտոնյաների հանդեպ քրեական արդարադատության իրականացումն է, երրորդ հերթին՝ ներկայիս քաղաքական կոնյուկտուրայի պարագայում այնպիսի մեխանիզմների ներդրումը, որպեսզի կոռուպցիան հնարավորինս մեղմվի և հսկվի, նվազագույնի հասցվի: Եվ չորրորդ հերթին՝ ստեղծել անհանդուրժողականության մշակույթը կոռուպցիայի հանդեպ»,-մանրամասնեց Խաչիկ Հարությունյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեություն
Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը վարում էր միջազգային փորձագետների մասնակցությամբ կազմակերպված համաժողովի 3-րդ քննարկումը՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեության վերաբերյալ: «Նախորդ երկու քննարկումներում որոշ չափով անդրադարձ կատարվեց ակտիվների վերադարձի հետ կապված: Կարևորվեց, որ այդ մեխանիզմները ներդրվի և պետությունն ակտիվ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ»,-ամփոփելով նախորդ քննարկումները նշեց Արտյոմ Մեսրոպյանը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը ներկայացրեց Հայաստանի համար ակտիվների վերադարձման կարևորությունը, ինչպեսև նշեց այդ ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող գործողությունները: «Հանրապետությունում տնտեսական ձեռքբերումների ակտիվացման ճանապարհին ՀՀ-ից թալանված միջոցները, դրանց օրինական տիրապետողին ՀՀ ժողովրդին վերադարձնելն ունի չափազանց կարևր նշանակություն: Գողացված ակտիվների վերադարձը՝ հատկապես կոռուպցիոն գործերով, երկրի զարգացման վրա նշանակալի ազդեցություն կարող է ունենալ, քանի որ վերականգնված միջոցները կարող են ներդրվել կենսական նշանակություն ունեցող սոցիալական ծառայությունների մատուցման, ծրագրերի զարգացման ոլորտներում, նպաստել աղքատության և գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին, արտահանման տեմպերի բարձրացմանը և այլն»,-նշեց Հայկ Մովսիսյանը:
Համաշխարհային բանկ / ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակրգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին ներկայացրեց ակտիվների վերադարձի վերաբերյալ միջազգային փորձն ու գործիքակազմը: «Ես կուզեի կենտրոնանալ ակտիվների վերադարձի հետ կապված 3 խնդիրների վրա. առաջինը՝ գլոբալ առումով որտեղ ենք մենք գտնվում այս ոլորտում, երկրորդը՝ կենտրոնանալ ակտիվների վերադարձի գործընթացի վրա, երրորդը՝ քանի որ մշակվում է հակակոռուպցիոն ռազմավարությունը, մենք պետք է կենտրորոնանանք մարտահրավերների և լուծումների վրա, ավելի հստակ առաջարկություններ ներկայացնելու համար»,-նշեց նա:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում ներկայացրեց ակտիվների վերադարձման գործընթացը: «Թվով 4-րդ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծն արդեն համապատասխան միջցառումներ է նախատեսում ակտիվների վերադարձման և բռնագանձման ուղղությամբ: Դրանք երկուսն են: Առաջինը վերաբերում է միջազգային համագործակցության զարգացմանը՝ ակտիվների վերականգնման և բռնագանձման ուղղությամբ և երկրորդը՝ օրենսդրության համապատասխանությունն է՝ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիային և ակտիվների վերականգնման և բռնագանձման ուղղված միջազգային փորձին: Ես կարծում եմ, որ ռազմավարության շրջանակներում իհարկե կարևոր են այս միջոցառումների նախատեսումը, բայց դրանք բավականին լայն են գրված»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը: Նրա խոսքով, հետագայում նախատեսվող արդյունքների գրանցման հետ կապված խնդիրներ կլինեն և որոշ առանցքային և անհետաձգելի միջոցառումներ պետք է տեղ գտնեն ռազմավարությունում։ Դրանցից մեկը Հայաստանում ակտիվների վերականգնման գրասենյակի ստեղծումն է, քանի որ այժմ չկա մի մարմին, որը կզբաղվի ակտիվների բռնագանձման և վերականգման գործընթացով:
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ներկայացրեց Հայաստանում ակտիվների վերադարձի մարտահրավերները: Նա նշեց, որ ակտիվների վերադարձի ինտիտուտի հետ կապված հանրային սպասումներն ու ընկալումները միանշանակ չեն հանգում նրան, որ ակտիվներն ուղղակի պետք է վերադարձվեն: Հասարակության ակնկալիքները հանգում են նրան, որ այդ գործընթացը թափանցիկ լինի ու չբերի լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր, հասարակության շրջանում կասկածներ: «Պետք է դիտարկել այն մոտեցումը, որ ակտիվների վերադարձի ինստիտուտը միանշանակ միայն իրավական ինստիտուտ չէ, այն նաև տնտեսական և քաղաքական բաղադրիչ է պարունակում, որը պահանջում է բավականին խորը ուսումնասիրության և այս տեսանկյունից պետք է անդրադառնալ յուրաքանչյուր բաղադրիչին: Յուրաքանչյուր բաղադրիչի դերի նսեմացումը կամ հաշվի չառնելն ամբողջ գործընթացի մեջ կարող է ընդահնուր առմամաբ գործի տապալման բերել»,-ասաց Հայկ Մարտիրոսյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարում կանխարգելիչ և իրավապահ գործունեություն
Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը վարում էր համաժողովի 4-րդ քննարկումը՝ հանրային ոլորտում ծագող կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարման մասին:
Հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն մարմնի դերի մասին խոսեց Լատվիայի հակակոռուպցիոն մարմնի (KNAB) նախկին ղեկավար Յարոսլավս Ստրելչենոկսը: «Կառավարության և հասարակության միջև լինում է անվստահություն և այդ ժամանակ պաշտոնատար անձիք սկսում են հասարակությունից գումար պահանջել՝ հարկերի տեսքով: Բայց եթե չկա վստահություն, հասարակությունն այդ դեպքում ասում է՝ գողեր են, փողերը չեն օգտագործվում ըստ նշանակության»,-:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը խոսեց հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման մասին: Էդգար Շաթիրյանի խոսքով գաղտնիք չէ, որ այսօր կոռուպցիայի կանխարգելման ոլորտում գործում են բազմաթիվ մարմիններ, այդ թվում ոչ ինստիտուցիոնալ: «Ես շեշտը կդնեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա: Մարմին, որի մասին օրենքն ընդունվել էր շուրջ 2 տարի առաջ, մարմին, որը նույն օրենքին համապատասխան պետք է կազմավորվեր դեռևս 2018 թվականի գարնան վերջին կամ մինչև գարնան վերջը, մարմին, որն առ այսօր չի կազմավորվել օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով, թերևս հիմնական պատճատը 2018 թվականի գարնանը մեկնակած քաղաքական փոփոխություններն էին: Ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա: Էդգար Շաթիրյանը նաև նշեց, թե ինչ կարգավիճակ է ունենալու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ պետական իշխանության մարմինների համակարգում:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ներկայացրեց տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման թեման: Նա ասաց, որ կոռուպցիայի կանխարգելման հետ կապված մարտահրավերները տեղական ինքնակառավարման մարմինների համար կրկնակի են: «Որպես հանրային իսնտիտուտ, տեղական իշխանությունը քաղաքական գործընթացների թիրախավորումներից և հասարակության մեջ արմատավորված որոշակի կարծրատիպեր կան՝ տեղական իշխանությունների համատարած կոռումպացվածության և նման ընկալման հետ կապված: Սա իսկապես մարտահրավեր է հասարակության համար: Պատկերացրեք բարեխիղճ վարքագիծ դրսևորող ընտրված պաշտոնյաներ կամ համայնքային ծառայողներ, որոնք գործում են այս միջավայրում, կամ այն մարդկանց, որոնք առաջիկա ընտրություններում կուզենային առաջադրվել, բայց հանրային ընկալումն այսպիսին է. արդյո՞ք նրանք կցանկանան ընտրվել կամ աշխատել»,-մանրամասնեց Էմին Երիցյանը՝ նշելով, որ դա իրականում լուրջ մարտահրավեր է:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետի պաշտոնակատար Արփինե Սարգսյանը խոսեց Հայաստանում ազդարարման համակարգի մասին: Արփինե Սարգսյանը շեշտադրեց այն հանգամանքը, որ այժմ դժվար է գերագնահատել ազդարարների ինստիտուտի դերն ու նշանակությունը, ինչի ներդման նպատակահարմության և մի շարք այլ հարցերի հետ կապված տարաբնույթ քննարկումներ եղան: «Մենք օրենքի շրջանակներում հստակ նախատեսեցինք նախ ազդարարում հասկացությունը՝ նախատեսելով այն որպես պետական և ՏԻՄ-երում, պետական հիմնակներում և կազմակերպություններում, հանրային նշանակության կազմակերպություններում, կոռուպցիոն բնույթի դեպքի հայտարարագրման հետ կապված խնդիրների, հանրային շահին ուղղված վնասների հետ կապված հաղորդման ներկայացումն իրավասու մարմնին, որի շրջանակներում իրավասու մարմինը կստանձներ որոշակի պարտականություն՝ այդ դեպքերը բացահայտելու ուղղությամբ»,-ասաց նա՝ ներկայացնելով օրենքով նախատեսված մի շարք այլ կարգավորումներ ևս:
Կոռուպցիայի դեմ պայքարում կանխարգելիչ գործունեություն
Համաժողովի 2-րդ օրը Լատվիայի հակակոռուպցիոն մարմնի (KNAB) նախկին ղեկավար Յարոսլավս Ստրելչենոկսը վարում էր թվով 5-րդ քննարկումը, որը մասնավոր ոլորտում ծագող կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանն էր վերաբերում:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը ներկայացրեց Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրներն ու հեռանկարները, ինչպեսև դրանում առկա կոռուպցիոն ռիսկերը:
«Երբ բիզնեսը պահանջում է արդար մրցակցություն, առաջնահերթ ակնկալում է՝ արդյո՞ք մենք ունենք այն բավականաչափ անկախ մարմինը, որն արդյունավետ պայքար կմղի ազատ մրցակցությունն ապահովելու հարցում: Մեր ուսումնասիրությունները մեր երկրում ցույց տվեցին, որ անհրաժեշտ գործիքակազմ դեռևս չկա: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ տնտեսական մրցակցության մարմիններն ունենում են սկրինինգային համակարգ, որը թույլ է տալիս վերլուծել ռիսկերը և ըստ այդ էլ պայքար սկսել: Մյուս փորձը շահերի պաշտպանության միություն ունենալն է, որն իրենք իրենց մեջ կարողանում են ֆիլտրեր ստեղծել ու ապահովել թափանցիկությունը»,-նշեց Արկադի Սահակյանը: Նա մասնավորապես ընդգծեց, որ խնդիրները շատ են լինում պետական գնումների հետ կապված:
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդումների ծրագրի (OGGRP-Կովկաս) ներկայացուցիչ, տարածաշրջանային խմբագիր Դեյվիդ Բլոսսը ներկայացրեց հետաքննական լրագրության դերը կոռուպցիայի կանխարգելման գործում: «Նույնսիկ ԱՄՆ-ում շատ դժվար է սահմանել կոռուպցիան. ինչը մի երկիր, խումբ համարում է կոռուպցիա, մյուսը համարում է միջազգային բիզնես: Կարծում եմ, կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշելու, թե որն է կոռուպցիան, որը փողերի լվացումը, և որն է ընդունելի բիզնեսը: Մեր՝ այս պատմությունների մասին գրելու պատճառն այն է, որ կառավարությունը, հասարակությունը կայացնի այդ որոշումը, մեր աշխատանքը չէ ասել, թե որն է լավ, որը՝ վատ»,-ասաց Դեյվիդ Բլոսսը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Լիլիա Շուշանյանը ներկայացրեց ԱՃԹՆ-ն (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն), որպես Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության բարձրացման գործիք: «Ինչու՞ ենք մենք այսօր հանքարդյունաբերության ոլորտին մեծ ուշադրություն դարձնում, որովհետև, երևի թե, այն ի տարբերություն այլ տնտեսական գործունեությունների իր մեջ մի առանձնահատկություն ունի. բնական պաշարները, որի հետ գործարար համայքնը գործ ունի՝ հանդիսանում են պետության բացառիկ սեփականությունը: Ինֆորմացիայի ազատության իրավունքը կիրառելու և այլ հիմնավորումներով մեր քաղաքացիները և ինչու չէ հենց պետական աշխատակիցներն առնվազն իրավունք ունեն համապարփակ տեղեկացված լինելու, թե ինչ է կատարվում այս ոլորտում»,-ասաց Լիլիա Շուշանյանը:
Իրական սեփականատերերի ինստիտուտը, հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերն ու կոռուպցիայի կանխարգելումը հանրային գնումներում թեման ներկայացրեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ. Հայաստան» ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը: «Մեր օրենսդրության համաձայն «իրավաբանական անձ» կարող են հիմնել և՛ իրավաբանական անձիք, և՛ ֆիզիկական անձիք: Վերջերս իրավաբանական անձանց հաճախ օգտագործում են փողերի լվացման և այլ կոռուպցիոն նպատակներով: Այս իսկ պատճառով ստեղծվել է իրական սեփականատերերի ինստիտուտը, ովքեր այն վերջնական ֆիզիկական անձիք են, որոնք կանգնած են ընկերության հետևում և տիրապետում են իրական շահույթին»,-ասաց նա:
Մարիամ Զադոյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրին, նշեց, որ այն ընկերության ընդունելի արժեքների, հարաբերությունների, գործելաոճի ամբողջությունն ու կորպորատիվ մշակույթն է, որով պետք է ընկերությունն ուղղորդվի իր գործողությունը կատարելիս, մինչև վերջնարդյունքին հասնելը:
Հակակոռուպցիոն կրթություն
Հակակոռուպցիոն կրթությունը՝ քաղաքացիների և հանրային ծառայողների շրջանում թվով 6-րդ քննարկումը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի իրավաբան-փորձագետ Նարեկ Ենոքյանը: «Հակակոռուպցիոն կրթությունը հակակոռուպցիոն պայքայրի 3 կարևոր հիմնասյուներից մեկն է և չի զիջում մյուս երկուսին՝ իրավապահ և կանխարգելիչ գործունեություններին: Հակակոռուպցիոն կրթությունը տարածված է գրեթե բոլոր երկրներում, որտեղ կոռուպցիայի դեմ համակարգային պայքար է ընթանում»,-ներկայացրեց Նարեկ Ենոքյանը:
Ալեքս Պետկովը, ով ՄԱԹՀՊԳ հակակոռուպցիոն կթության փորձագետ, Հակակոռուպցիոն ակադեմիական նախաձեռնության ներկայացուցիչն է, թեմայի վերաբերյալ ներկայացրեց լավագույն միջազգային փորձը: «Այսօր կա մի միտում, որ շատ ու շատ երկրներ հակակոռուպցիոն կրթությունն ընդունում են որպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիք: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն, անդամ երկրները պետք է հանրային իրազեկման գործողություններ իրականացնեն՝ առաջ տանելու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը, այդ թվում դպրոցներում և համալսարաններում համապատասխան կրթական ծրագրերը»,-ասաց Ալեքս Պետկովը:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը քննարկման ժամանակ խոսեց քաղաքացիների և ընդհանուր բնակչության շրջանում հակակոռուպցիոն կրթության մասին: Նա նշեց, որ հակակոռուպցիոն կրթությունը բազմամակարդակ է և սկսվում է դեռ մանկապարտեզից: «Հակակոռուպցիոն կրթության նպատակն է ձևավորել ընդհանուր պատկերացում կոռուպցիայի էության, դրա դրևսորումների, պատճառների, վնասակար հետևանքների ազդեցության վերաբերյալ: Ճիշտ չէ հակակոռուպցիոն կրթության շրջանականերում կենտրոնանալ միայն կոռուպցիայի թեմայի վրա, որովհետև դա չի ձևավորի ամբողջական պատկերը, որովհետև կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիայի դեմ պայքարը բարեխղճության կոմպոնենտներից մեկն է: Ճիշտ կլինի, հակակոռուպցիոն կրթությունը նվիրել ոչ միայն կոռուպցիայի հետ կապված թեմաներին, այլև՝ բարեխղճության ու բարեվարքության, լավ կառավարման սկզբունքներին ևս»,-նշեց նա:
Նարինե Սարգսյանը, ով «Ապագան քոնն է» ՀԿ նախագահն է, խոսեց երիտասարդության շրջանում հակակոռուպցիոն կրթության մասին: «2006 թվականին, երբ մարդիկ լսում էին, որ պետք է անցկացվի հակակոռուպցիոն կրթություն, շատ դպրոցների տնօրեններ և այլ կրթական օջախների ղեկավարներ չէին էլ ուզում լսել դրա մասին: Մենք ավելի նրբանկատ գտնվեցինք և 2006 թվականից Ամերիկյան դեսպանատան աջակցությամբ իրականացրեցինք մի ծրագիր ու նշանակետը դրեցինք ժողովրդավարության արժեքների սերմանումը: Երբ այդպես էինք ներկայացնում դպրոցի տնօրեններին, նրանք չէին պատկերացնում, որ ժողովրդավարություն ասելով մենք պետք է փորձենք կոռուպցիան մերժել ու կանխարգելման գործընթացը ներկայացնեն աշակերտներին»,-ասաց Նարինե Սարգսյանը՝ նշելով, նախորդ տարիներին ունեցած դժվարությունների մասին:
«Իրավական կրթության և ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը՝ ներկայացնելով հանրային ծառայություններ մատուցող տրամադրող հանրային և համայնքային ծառայությունների շրջանում, ինչպեսև իրավապահ մարմինների և դատական ծառայողների շրջանում հակակոռուպցիոն կրթությունը, ասաց, որ եթե հակակոռուպցիոն կրթությունն անցկացվի դեռ դպրոցներում ու աշակերտները բարձր իրազեկվածությամբ մեծանան, ապա իրենց աշխատանքն առավել հեշտ կլինի: «Նախկինում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերում միշտ էլ հակակոռուպցիոն կրթության հետ կապված թեմաները ներառված են եղել, և 2012 թվականից մեր դոնորի ֆինանսավորմամբ քաղաքացիական ծառայությունում ներդրվեց առանձին ծրագիր, որը կոչվում էր «Կոռուպցիայի դեմ պայքար»: Հիմնական թեմաները, որոնք ներառված էին այդ ծրագրում, դրանք էին՝ կոռուպցիայի հասկացությունը և ծագման նախադրյալները, կոռուպցիոն իրավախատման տեսակները, կոռուպցիայի կանխարգելման միջոցները, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությունը և համապատասխան ակտերը, կոռուպցիոն ռիսկերը հանրային ծառայությունում, կոռուպցիայի սոցիալ-հոգեբանական հիմունքները, հանրային ծառայողների էթիկայի կանոնները»,-ներկայացրեց Աշոտ Հայրապետյանը:
Միաժամանակյա պանելային քննարկումներ ու առաջարկությունների ամփոփումներ՝ 3 թեմաներով
Հակակոռոպցիոն համաժողովի ընթացքում տեղի ունեցած 6 տարբեր քննարկումներից հետո մասնակիցներն անցկացրին միաժամանակյա 3 փորձագիտական խորհրդակցություններ, որոնց ժամանակ հավաքագրվեցին առաջարկություններ:
-
Հակակոռուպցիոն ռազմավարություն և առաջարկություններ
ՀՀ արդարադատության նախախարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը, ՄԱԿ-ի զարգացման Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական, ՄԱԶԾ Սինգապուրի գլոբալ կենտրոնը ներկայացնող Անգա Թիմիլսինան և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը վարում էին հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ քննարկումը: Այն ծավալվեց հիմնական երեք ուղղություններով, կոռուպցիայի կանխարգելում, հակակոռուպցիոն կրթություն և իրավապահ գործունեություն՝ կոռուպցիայի դեմ պայքարում: Քննարկման հիման վրա Անգա Թիմիլիսինան՝ ռազմավարության մշակման ոլորտում ելնելով իր հարուստ փորձից, առանձնացրեց ամենակարևոր նշումները, որոնցից էին՝ ակտիվների վերադարձման ինստիտուտի կատարելագործումը, ռազմավարության գնահատման և մշտադիտարկման համար պատշաճ ցուցանիշների բարելավումը, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, իսկ հակառուպցիոն կրթության ելակետային տվյալներ ստանալու նպատակով՝ ողջ բնակչության շրջանում հակակոռուպցիոն գիտելիքների և ընկալման վերաբերյալ հարցումների անցկացումը:
2. Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի մոդելը
Հայաստանում հակակոռուպցիոն անկախ մարմնի մոդելի ընտրության վերաբերյալ քննարկումը վարում էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանրային ծառայության արդյունավետության բարելավման գլոբալ կենտրոնի «Կոռուպցիայի դեմ պայքարը խաղաղության և ներառական հասարակությունների համար» ծրագրի ղեկավար Աիդա Արությունովան և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը:
Քննարկումը ծավալվեց Հայաստանում հակակոռուպցիոն համակարգ ներդնելու անհրաժեշտության վերաբերյալ, որը պետք է բաղկացած լինի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնից, հակակոռուպցիոն դատարանից և դատախազության կառուցվածքում մասնագիտացված վարչությունից:
Նշվեց, որ համակարգային մոտեցում պետք է ցուցաբերվի հայաստանյան հակակոռուպցիոն համակարգ ստեղծելու հարցում, և ներդվելիք ինստիտուտները պետք է բավարարեն հետևյալ չորս չափանիշները՝ սահմանադրական անկախություն, պրոֆեսիոնալ և մասնագիտական կարողություններով օժտված աշխատակազմ, ֆինանսական ռեսուրսներ, հանրության հետ համագործակցություն:
3. Հավաքական գործողություններ. յուրաքանչյուր շահակից (կառավարություն, քաղհասարակություն, մասնավոր ոլորտ, կրթություն) պետք է կատարի այն՝ նպաստելու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին
Համաշխարհային բանկ / ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակրգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, ՄԱԶԾ ծրագրի ղեկավար Մարինա Մխիթարյանը և ՄԱԶԾ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը վարում էին քննարկումը:
Քննարկումը սկզբում ծավալվեց պետական հատվածի վերաբերյալ (գործադիր, օրենսդիր և դատական իշխանություն), այնուհետև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՀԿ-ներ և ԶԼՄ) և մասնավոր հատվածի՝ բիզնեսի վերաբերյալ:
Փորձագիտական խորհրդակցություններն ամփոփեցին քննարկումները վարողները:
Մարիամ Գալստյանը նշեց, որ քննարկումը բովանդակալից էր, թեպետ, խմբում գրեթե բոլորը տարբեր կարծիքներ ունեին: «Հիմնականում բոլորի կողմից բարձրացված հարցը՝ թե իրավապահ համակարագին, թե կանխարգելման և թե կրթությանը առնչվող միջոցառումների մասով հստակ թիրախների, ցուցիչների սահմանումն էր, որպեսզի հետագայում կարողանանք ավելի թիրախավորված միջոցառումների ծրագիր ունենանք»,-ամփոփեց Մարիամ Գալստյանը:
Սյուզաննա Սողոմոնյանն ամփոփելով հակակոռուպցիոն անկախ մարմնի մոդելի վերաբերյալ ծավալված քննարկումը՝ նշեց, որ 4 չափորոշիչներ են ընդունել, որոնց հիման վրա առավել նպատակահարմար է ներդնել հայաստանյան հակակոռուպցիոն համակարգը: «Անկախ նրանից, թե ինչ մոդել կընտրենք մարմնի համար, մենք քննարկել ենք Հայաստանին հատուկ հակակոռուպցիոն համակարգի մոդելը, որը պետք է բաղկացած լինի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնից, վերջինս կիրականացնի կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթներ, այնուհետև՝ դատախազության կազմում համապատասխան ստորաբաժանում, որը կիրականացնի դատախազական ուժեղ վերահսկողություն, և հակակոռուպցիոն դատարան կամ մասնագիտացված դատական կազմ»,-ներկայացրեց նա:
Լուսինե Նալբանդյանը ամփոփեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործողությունների վերաբերյալ քննարկման արդյունքները: «Պետական հատվածի հետ կապված շեշտադրումներ դրվեց, որ հակակոռուպցիոն պայքար տանելիս պետք է հստակեցվեն խաղի կանոնները: Պետք է հստակեցվի օրենսդրական նորմատիվային դաշտը: Կառավարության կողմից որպես առաջնահերթություն բարձրաձայնվեց օրենքի գերակայությունը, որը ենթադրում է բոլորի հավասարումը՝ օրենքի առաջ»,-ասաց նա:
Հակակոռուպցիոն համաժողովի ամփոփում և փակում
Բովանդակալից երկօրյա քննարկումներից հետո ՄԱԿ-ի զարգացման Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական, ՄԱԶԾ Սինգապուրի գլոբալ կենտրոնը ներկայացնող Անգա Թիմիլսինան նշեց, որ համաժողովի ընթացքում մեծ առաջընթաց գրանցվեց և որակյալ քննարկումներ ծավալվեցին: «Երբ մենք ստացանք այս համաժողովին մասնակցելու հրավերը, ես որոշ կասկածներ ունեի, որոնք պայմանավորված էին նրանով, որ մենք Մալազիայում քննարկում էինք ազգային հակակոռուպցիոն ծրագիրը, ինչը 6 շաբաթում կարողացանք անել: Սա ամիսներ կպահանջեր, եթե ոչ՝ տարիներ, հետո էլ մասնավոր սեկտորի ներգրավումը, կանախարգելումը, կրթությունը: Բայց հետին թվով նայելով, նշեմ, որ երկու օրում մենք իսկապես շատ բանի հասանք: Կառավարությունը, քաղհասարակությունը և միջազգային փորձագետները ի մի էին բերվել մեկ միջացառումում, ինչը հաճախ չէ, որ պատահում է»,-նշեց Անգա Թիմիլսինան:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը նշեց, որ երկու օրում շատ հարցեր քննարկվեցին և կարելի է վստահաբար ասել, որ կոնսեսուալ որոշումների արդյունքներ գրանցվեցին: «Ես ինձ համար տանում եմ մի շատ լավ համոզմունք, որ մենք այստեղ տեսանք շատ կողմնակիցներ՝ հատկապես ունիվերսալ մարմնի նկատմամբ: Սա նշանակում է, որ մեր ռազմավարությանն ու տեսլականին նոր միս ու արյուն տրվեց՝ ավելի ուժեղ ու լուրջ ջանքեր գործադրելու, որպեսզի կարողանանք կատարել լայն հասարակության պահանջն ու ունենալ իսկապես անկախ, իրավականորեն ամրապնդված մասնագիտացված կառույց»,-նշեց նա:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության Բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը նշեց, որ Եվրամիության կողմից գնահատվում է տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ նման միջոցառման կազմակերպումը: «Հուսով ենք, քննարկումը շատ պիտանի էր նաև կառավարության համար և այս երկու օրվա քննարկումներից շատ պիտանի բաներ կտանեն: Իմ խոսքն է Եվրամիության կողմից, որ մենք պատրաստ ենք սատարել Հայաստանի կառավարությանն ու քաղհասարակությանը և մյուս դերակատարներին, որոնք մտադիր են հակակոռուպցիոն պայքարն առաջ տանել: Քննարկումների ձևաչափը լայն ներկայացվածություն ուներ՝ փորձագետներ, գործարար հանրություն, պաշտոնյաներ, քաղհասարակության կազմակերպություներ. կոռուպցիայի դեմ պայքարում հաշվի կառնվեն բոլորի կարծիքները»,-նշեց Գոնսալո Սեռանոն:
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկումների, արված դատողությունների, գնահատականների ու արված դատողությունների համար՝ նշելով դրանց կարևորության մասին: «Դրանք առաջին հերթին կարևոր են նրանով, որ հնարավորություն են տալիս միատեղել, նյութականացնել բոլոր դրական, առերևույթ, հեռանկար ունեցող առաջարկները մեկ հարթակում: Սրանից բխեցվում է դիրքորոշումների, հայտարարությունների և նկատառումների հաշվառումով հնարվորինս արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել: Ուզում եմ վերահաստատել մեր հանձնառությունը Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների հետ՝ արդյունավետ երկխոսություն ապահովելու հարցում: Մենք գնտվում ենք մեր երկրի համար պատասխանատու հատվածում, որի շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է հետևողական՝ բոլոր գործիքների կիրառմամբ»,-ասաց փոխնախարարը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ամփոփելով երկօրյա համաժողովը՝ շնորհակալություն հայտնեց ԵՄ պատվիրակությանը, որի շրջանակներում տրամադրված դրամաշնորի շրջանակներում հնարավոր եղավ միջոցառումը կազմակերպել, փորձագետներին՝ իրենց մասնակցության համար և հիմնական գործընկեր արդարադատության նախարարությանը, գլխավոր դատախազությանը: «Մենք գիտենք, որ Սինգապուրը կամ ասիական այլ երկրներ եղել են կոռուպցիայի, կաշառակերության բույն և կարողացել են քաղաքական կամքի, ճիշտ ինստիտուտների ու ժողովրդի ներգրավմամբ հաղթահարել դա: Վստահ եմ, որ մենք էլ դա կկարողանանք Հայաստանում անել և այն ինստիտուցիոնալ համակարգը, որը քննարկեցինք, պայմանական կարող ենք տալ «հայկական մոդել» անվանումը: Հուսով եմ, դրա հաջողության պայմաններում տարբեր երկրներ կգան նաև մեզ մոտ՝ փորձի ուսումնասիրման համար»,-ասաց Կարեն Զադոյանը: