Ինչո՞ւ է այս բարեփոխումը իրականացվում շտապելով․ Կարեն Զադոյանը՝ Ֆինանսների փոխնախարարին
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկում է ընթանում ԱԺ-ում:
Ֆինանասների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց նախագիծը:
Նշենք, որ Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստին որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու մասին։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն անդրադարձավ, այն խնդրին, որ բարեփոխումն իրականացվում է հրատապ:
«Այս բարեփոխումը, որն առնչվում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ինչո՞ւ ենք մենք ուզում այսպիսի շտապողականությամբ իրականացնել, ոչ թե խորքային, նաև իրազեկելով, տեղեկացնելով քաղաքացիներին, որովհետև, ի տարբերություն մյուս բարեփոխումներին, այստեղ քաղաքացին մասնակից է լինելու: Արդյո՞ք մենք ունենք վերլուծություն քաղաքացու՝ էլեկտրոնային հարթակներից օգտվելու կարողություններից, քաղաքացիների քանի՞ տոկոսն է գրագետ այդ առումով և կարող է անել այդ գործողությունները, և արդյո՞ք սրանք ձախողման պատճառներ չեն կարող հանդիսանալ»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ներդնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը նշանակում է, որ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝
- հաշվետու տարվա ընթացքում եկամուտ չստացած կամ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ ստացած՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները,
- հաշվետու տարվա ընթացքում միայն հարկային գործակալների կողմից եկամուտ ստացած՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:
Ընդ որում, նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը:
Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:
Մանրամասները՝ տեսանյութում: