Հայաստանը պետք է ունենա կոռուպցիայի հանրային ընկալումը գնահատող մեկ ունիվերսալ գործիք՝ մեր ազգայինը․ Սյուզաննա Սողոմոնյան

Ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի և հակակոռուպցիոն կրթության ոլորտների մոնիթորինգի արդյունքները։

Նա նշեց, որ մշտադիտարկման նպատակներն են՝ գնահատել «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի՝ 2022 թվականին իրականացման ենթակա գործողությունների կատարման ընթացիկ իրավիճակը և վերջնական կատարման մակարդակը, պարզել այն գործողությունները, որոնք կատարվել են, կատարվել են մեծամասամբ, մասնակի, չեն կատարվել կամ կատարման ընթացքը կասեցվել է, դրանց պատճառները, կատարել այդ գործողությունների ընթացակարգային (քանակական) գնահատումներ, կատարել գործողությունների ազդեցության մակարդակի (որակական) գնահատումներ։

«Անհրաժեշտ է, որ ՀՀ-ը ունենա կոռուպցիայի հանրային ընկալումը գնահատող մեկ ունիվերսալ գործիք՝ մեր ազգայինը, որ որևէ միջազգային կառույցից կախված չլինի։ Եվ դա կարտահայտի մեր կարիքներն ու ակնկալիքները»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

—————————

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։

Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։

Մայիսի 11-ին ներկայացվեց մշտադիտարկման զեկույցը։