Մեկնարկել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի արտագնա ուսուցման փուլը
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա (Աղվերան) ուսուցման փուլը։
Այն դպրոցի խորացված ուսուցման փուլի մի մասն է, որը բաղկացած է «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» մոդուլներից:
Արտագնա փուլի ընթացքում ունկնդիրներն առաջինը հանդիպել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի և «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ նախագահ, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ։
Կարեն Զադոյանը հանդես է եկել բացման խոսքով, հետաքրքրվել է՝ վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում ինչ խնդիրների են բախվել ունկնդիրները, ինչպիսի դիտարկումներ ունեն դպրոցի նախորդ 3 փուլերի վերաբերյալ և ինչն է տպավորվել վերջիններիս մոտ։
Մասնակիցներից ոմանք նշեցին՝ կցանկանային, որ դպրոցը ֆինանսավորվեր պետության կողմից, ունենար շարունակական բնույթ և ընդգրկեր ավելի մեծ խմբեր։ Նրանք առանձնացրին Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումը, այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Դպրոցի ունկնդիրները մեծ ոգևորությամբ մասնակցում են քննարկումներին, ակտիվ ներգրավված էին գործնական աշխատանքներում։ Օրակարգը բավականին հագեցած է․ բանախոսներից Արեգ Թադևոսյանը կարողունակությունների վրա հիմնված ուսուցման թեմայով դասախոսություն կներկայացնի ու կծանոթացնի ոչ ֆորմալ կրթության ունիվերսալ մեթոդներին։
Կարեն Զադոյանը կխոսի հակակոռուպցիոն կրթության և դրա մոդելավորման մասին՝ տարբեր տարիքային խմբերի շրջանում։