Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարները հանդիպել են Հունաստանի թափանցիկության ապահովման ազգային մարմնի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ
Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովի շրջանակներում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ պարոն Կարեն Զադոյանը, ԻՀԱ-ի փոխնախագահ, Կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, պարոն Մարատ Ատովմյանը հանդիպել են Հունաստանի թափանցիկության ապահովման ազգային մարմնի Ռազմավարական պլանավորման և վարքագծային վերլուծության տնօրեն պարոն Իոաննիս Ֆուստանակիսի և Ռազմավարական պլանավորման և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար պարոն Ջորջ Կասապասի հետ:
Հանդիպման սկզբում ԻՀԱ նախագահը ներկայացրեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների համակարգը: Այնուհետև Կարեն Զադոյանը ներկայացրեց հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների խնդիրները ու Հունաստանի թափանցիկության ապահովման ազգային մարմնի հետ հնարավոր համագործակցության շրջանակը, որից հետո Մարատ Ատովմյանը ներկայացրեց համագործակցության հնարավոր մեխանիզմները, այդ թվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և մասնագիտացված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կարիքի վրա հիմնված ուսումնական այցելությունների և դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև համատեղ հակակոռուպցիոն այլ ծրագրերի իրականացումը:
Պարոն Իոաննիս Ֆուստանակիսը ներկայացրեց Հունաստանի թափանցիկության ապահովման ազգային գործունեության շրջանակը, գրանցած արդյունքները, կարևորեց հակակոռուպցիոն կառույցների միջև միջազգային համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրության և հնարավոր համագործակցության հարցեր:
Ինչպես տեղեկացրել էինք, ավելի վաղ, Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը հանդիպումներ էին ունեցել Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար կազմի հետ, Իտալիայի հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի, Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի գլխավոր հանձնակատարի և ԵՄ գլխավոր դատախազի տեղակալի հետ:
Տեղեկացնենք նաև, որ սույն թվականի մայիսի 22-ից 24-ը, տեղի է ունեցել Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովը, որը նվիրված էր մարմնի ստեղծման 50-ամյակին։ Այն կազմակերպվել էր Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի և Հակակոռուպցիոն մարմինների միջազգային ցանցի կողմից։ Գիտաժողովին ներկա են 60 երկրի 500 հակակոռուպցիոն առաջնորդ։