Իրավական ակտերի փորձաքննության և կարգավորման ազդեցության գնահատման գործընթացներն ու դրանց հիմնական փուլերը. կայացավ ԵԱՀԴ հեռավար դասընթացը
2020 թվականի ապրիլի 14-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը՝ «Իրավական ակտերի փորձաքննության և կարգավորման ազդեցության գնահատման գործընթացներն ու հիմնական փուլերը» թեմայով: Դասընթացի թեման ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող, իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը։
Դասընթացի շրջանակում ներկայացվեց իրավական ակտերի տեսակներն ու դրանց հիերարխիան, իրավական ակտերի փորձաքննության իրականացման գործընթացը, իրավական ակտերի նախագծերի համապատասխանության ստուգումը ինչպես Սահմանադրության, մասնավորապես դրանով ամրագրված օրինականության, իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքներին, այնպես էլ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով իրավական ակտերի նախագծերին ներկայացվող պահանջներին:
Դասախոսը ներկայացրեց նաև իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման գործընթացը և այն հիմնական ոլորտային ուղղությունները, որոնց շրջանակներում իրականացվում է իրավական ակտի ընդունման արդյունքով հնարավոր փոփոխությունների վերլուծություն: