Հայտարարություն․ առցանց կապով խորհրդատվություն ՀԿ-ներին՝ տարեկան հաշվետվությունների նոր կարգի վերաբերյալ
2019 և 2020թթ. ՀՀ ազգային ժողովի կողմից «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարված մի շարք փոփոխություններով սահմանվել է հասարակական կազմակերպությունների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացման նոր կարգ ու պայմաններ։
Մասնավորապես, օրենքի 24-րդ հոդվածով սահմանվում է, որ հանրային միջոցներից (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ) հասարակական կազմակերպության գույքի ստացման աղբյուր հանդիսանալու պարագայում, հասարակական ազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել օրենքով նախատեսված հաշվետվություն:
Նույն օրենքի 26-րդ հոդվածը նախատեսում է հանրային միջոցներից 10 միլիոն և ավելի ստանալու պարագայում՝ պարտադիր աուդիտի անցկացման պահանջը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան (այսուհետ` ԻՀԱ) Երևանում և մարզերում գործող հասարակական կազմակերպություններին օժանդակելու համար նախատեսում է առցանց կարգով և հեռախոսակապի միջոցով մատուցել անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ տարեկան հաշվետվությունների օրինակելի ձևերի, հրապարակման ու ներկայացման կարգի, պայմանների ու ժամկետների իրազեկման համար։
Բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկանում են օգտվել նշված հնարավորությունից, կարող են 2020թ. մայիսի 16-ից սկսած իրենց հարցերն ուղարկել ԻՀԱ-ի [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ֆեյսբուքյան https://www.facebook.com/armla.am/ էջին`նշելով հասարակական կազմակերպության անվանումը, ներկայացուցչի անուն, ազգանունը, հեռախոսահամարը կամ էլ փոստի հասցեն, ինչպես նաև, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10։00-ից մինչև 17։00-ը, զանգահարել հետևյալ (+37498)93 66 52, (+37477)27 79 51, (+37496)30 04 90 բջջային համարները հեռախոսահամարով: