Իրականացվում է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների ծրագրի 2021 թվականի 1-ին կիսամյակին կատարված գործողությունների մոնիթորինգ

ՀՀ Կառավարությունը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին հաստատեց «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը»: Ռազմավարությունը նախատեսում է 48 միջոցառում, որոնցից 2-ն արդեն ամբողջությամբ ավարտվել են, իսկ մնացյալ 46-ը ենթակա են պարբերական կատարման մինչև 2022թ.: 

 
Միջոցառումները բովանդակային առումով ընդգրկում են կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնասյուները. կոռուպցիայի կանխարգելում, հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիոն գործերի քննություն (պատժի անխուսափելիություն):

 
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան իրականացնում են ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 2021 թվականին կատարման ենթակա գործողությունների մոնիթորինգ։ Այս փուլում արդեն իսկ մշակվել է մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ նախագիծը, որը ներկայացվել է ռազմավարության գործողությունների իրականացման համար պատասխանատու իրավասու մարմիններին՝ դիտարկումներ և առաջակություններ ներկայացնելու նպատակով։ 
 
Իրավասու մարմինների դիտարկումները և առաջարկությունները կամփոփվեն սույն թվականի դեկտեմբերի 7-ին, որի հիման վրա կհրապարակվի մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ զեկույցի վերջնական տարբերակը։ Զեկույցի վերջնական տարբերակը կներկայացվի դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը ԻՀԱ-ի և Կոալիցիայի կողմից կազմակերպվող միջոցառման շրջանակներում։