Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Արկադի Սահակյանը

2021 թվականի դեկտեմբերի 24-ին առցանց եղանակով տեղի ունեցավ ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում էր Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին առցանց և առկա եղանակներով տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետ՝ Կոալիցիա) 6-րդ համաժողովը, որի ընթացքում կազմակերպվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրությունները։

Արդյունքում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը կազմավորվեց 7 հոգանոց կազմով.

  1. Կարեն Զադոյան` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ,
  2. Արկադի Սահակյան` Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան,
  3. Արփինե Հակոբյան` «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ-ի նախագահ,
  4. Մովսես Արիստակեսյան` «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
  5. Հարություն Ալեքսանյան` «Էլեգիա» մշակութային ՀԿ-ի նախագահ,
  6. Մարիամ Չախոյան` «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
  7. Հայկ Մարգարյան` Հավասար Հնարավորությունների Աջակցման Հիմնադրամի տնօրեն:

Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում ինքնառաջադրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանը: Կառավարման խորհրդի անդամների միաձայն որոշումով Արկադի Սահակյանը 6 ամիս ժամկետով ընտրվեց Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ:

Այնուհետև Կոալիցիայի կառավարման խորհուրդը քննարկեց Կոալիցիայի առաջիկա տարվա գործունեության հիմնական ուղղությունները: Կառավարման խորհրդի անդամների կողմից բարձրացվեց Կոալիցիայի 2019 – 2023 թվականների ռազմավարական պլանի վերանայման հարցը և որոշվեց այն վերնայել 2022 թվականի սկզբին` ռազմավարական պլանը Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու, Կոալիցիայի ինքնիշխանության մակարդակը և գործունեության արդյունավետությունը առավել բարձրացնելու նպատակով:

________________________________________________________________________

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թվականի նոյեմբերի 28-ին: Ներկայումս հակակոռուպցիոն կոալիցիային անդամակցում են 71 ՔՀԿ-ներ:

Հակակոռուպցիոն կոալիցիայի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում կոռուպցիայի վերացմանը` անձնական օրինակով հասարակության և հանրային ծառայողների շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորման, հանրային և մասնավոր կառույցներում հակակոռուպցիոն ռազմավարությունների ներդրման միջոցով: