ԵԱՀԴ 8-րդ հոսքի ունկնդիրները քննարկեցին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակը և միջազգային իրավական համագործակցության հիմնախնդիրները
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ երկու հանդիպում ԵԱՀԴ 8-րդ հոսքի ունկնդիրների հետ։ Առաջինը կազմակերպվեց առցանց եղանակով, որին մասնակցեցին մարզերում բնակվող ունկնդիրները, իսկ երկրորդը՝ առկա եղանակով։ Հանդիպման ընթացքում ունկնդիրները քննարկեցին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակը և միջազգային իրավական համագործակցության հիմնախնդիրները, ինչպես նաև բարեխղճության ազգային համակարգ, բարեվարքությունը և դրա տարրերը։
Դպրոցի դասախոս Սյուզաննա Սողոմոնյանի հետ միասին ունկնդիրները խորը քննարկում ծավալեցին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կարգավորումների և դրա հիմնախնդիրների շուրջ, ինչպիսիք են օրինակ՝ քաղաքացիական դատավարության ընթացակարգով իրականացվող ավարտված վարույթների բացակայության պատճառները, անմեղության
կանխավարկածի ինստիտուտի կիրառման առանձնահատկությունները տվյալ վարույթներն իրականացնելիս, ինչպես նաև օրենքին հետադարձ ուժ տալու արգելքի, ապօրինի ծագում ունեցող գույքը օտարումից պաշտպանելու, հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու, օտարված գույքի հետ վերադարձի, երրորդ անձի կողմից այդ գույքի ձեռքբերման բարեխղճության հետ կապված որոշակի հարցադրումներ:
Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց նաև հանրային ծառայության ոլորտում բարեխղճության համակարգը, դրա տարրերը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հանրային ծառայողի բարեվարքության վերաբերյալ եզրակացության տրամադրման ընթացակարգը, դրա՝ խորհրդատվական բնույթ ունենալու հետ կապված պրակտիկայում առաջացած խնդիրները՝ կարևորելով պաշտոնատար անձի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացության մատչելիությունը հասարակության համար:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ–ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ: