ԻՀԱ-ն մասնակցել է «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հակակոռուպցիոն որոշումներ կայացնողների բարձր մակարդակի հանդիպմանը»
Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը նոյեմբերի 16-ին մասնակցել է «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հակակոռուպցիոն որոշումներ կայացնողների բարձր մակարդակի հանդիպմանը» և «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ղեկավար կոմիտեի 27-րդ նիստին» Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ Հանդիպումներին մասնակցում էին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նախարարներ, հակակոռուպցիոն և իրավապահ մարմինների ղեկավարներ և հակակոռուպցիոն որոշումներ կայացնող այլ բարձրաստիճան անձինք, ՏՀԶԿ Կաշառքի հարցերով աշխատանքային խմբի անդամներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և բիզնես կազմակերպություններ։
Տիկին Զադոյանը ներկայացրեց կոալիցիայի դերը ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի, Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) և ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների մշտադիտարկմանը նպաստելու գործում ստվերային/զուգահեռ զեկույցների մշակման միջոցով: Բարձր գնահատելով Մշտադիտարկման գնահատման նոր մշակված շրջանակը՝ ԻՀԱ ներկայացուցիչն ընդգծեց կոալիցիայի պատրաստակամությունը՝ շարունակելուաջակցել Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 5-րդ փուլի մշտադիտարկմանը:
Բացի այդ, հաշվի առնելով ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի 2023-2026 թթ․ աշխատանքային ծրագրի ռազմավարական ուղղությունները, ԻՀԱ պատվիրակը մատնանշեց կազմակերպության աշխատանքը Հայաստանում բիզնես բարեվարքության խթանման ուղղությամբ, ներառյալ՝ բիզնես ոլորտում եզակի ազդարարող գործիքի՝ Բիզպաշտպանի (Bizprotect)-ի ստեղծումն ու կառավարումը:
Նիստերը հնարավորություն ընձեռեցին քննարկելու տարածաշրջանում կոռուպցիայի դեմ պայքարի ձեռքբերումներն ու մարտահրավերները, բացահայտել ապագա աշխատանքի ռազմավարական ուղղությունները և հաստատել Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան կոռուպցիայից մաքրելու երկրների հանձնառությունը: