Անահիտ Մարդոյանը հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց ԲԿԳ աջակցությամբ միջազգային հակակոռուպցիոն դպրոցում իր ստացած փորձառությունը

Օգոստոսի 13-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա (Աղվերան) ուսուցման փուլը։

2-րդ օրվա բանախոսն էր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի համակարգող Անահիտ Մարդոյանը, որը ունկնդիրներին ներկայացրեց միջազգային հակակոռուպցիոն դպրոցում իր ստացած փորձառությունը։

2023թ․ hունիսի 26-ից հուլիսի 5-ը բանախոսը Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ, որպես Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից գործարկվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի համակարգող, մասնակցել է Transparency international school on integrity և Transparency fellows ծրագրերին, որոնք տեղի են ունեցել Լիտվայի հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում։

Բանախոսության շրջանակներում ունկնդիրները ծանոթացան միջազգային դպրոցի ուսումնական ծրագրի մեջ տեղ գտած թեմաներին, կազմակերպված սեմինարներին և խմբային գործնական աշխատանքներին։ Մասնավորապես, ծրագրի շրջանակներում բանախոսն ունեցել է քննարկումներ և փորձի փոխանակում կոռուպցիայի չափման, պետական գնումների, ազդարարման համակարգի, բարեվարքության, փողերի լվացման և այլ թեմաներով։

Բանախոսը նաև ներկայացրեց այն բոլոր առաջարկները, որոնք, իր կարծիքով, կնպաստեն Հայաստանում հակակոռուպցիան կրթության և Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիան դպրոցի զարգացման համար։

Բանախոսությունից հետո բնության գրկում Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի համակարգողն անմիջական զրույց ունեցավ ունկնդիրների հետ։ Մասնակիցները նրան ներկայացրեցին իրենց դիտարկումները և առաջարկները՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հաջորդ հոսքերի ուսումնական ծրագրի վերաբերյալ։

Նրանք առաջարկում էին ավելացնել կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային փորձի, փողերի լվացման և կոռուպցիոն դեպքերով դատավարությունների վերաբերյալ ավելի շատ վարպետաց դասերի կազմակերպումը։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: