Ամփոփվել են «Պատկերիր ճշմարտությունը» և «Պատմիր ճշմարտությունը» խորագրերով մրցույթների արդյունքները

Դպրոցականների և ուսանողների շրջանում «Պատկերիր ճշմարտությունը» խորագրով նկարչական և «Պատմիր ճշմարտությունը» խորագրով շարադրությունների մրցույթներ են անցկացվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։ Մրցույթներին գրանցվել են շուրջ 230 մասնակիցներ Հայաստանի բոլոր մարզերից․ ստացվել են 150-ից ավել աշխատանքներ։ 

Մրցույթներն ամփոփվել են դեկտեմբերի 8-ին՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում կայացած «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը՝ Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Մրցանակները մրցույթի հաղթողներին են հանձնել Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեզինգերը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող Լիլյա Աֆրիկյանը, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, ՓՄՁ ասոցիացիայի խորհրդի անդամ Արման Պետրոսյանը։

«Իրավաբանների հայկական ասոցիացիան տարիներ շարունակ շարժվել և շարժվում է այն կարգախոսով, որ կոռուպցիայի դեմ պայքում հակակոռուպցիոն կրթությունը կարևորագույն մեխանիզմներից մեկն է, հետևաբար՝ ջանք ու եռանդ չենք խնայում, որ երիտասարդների, դեռահասների շրջանում ևս տարածենք այդ ամենը, ինչի լույսի ներքո էլ կազմակերպվեցին մրցույթները»,-նշել է մրցույթները համակարգող Անահիտ Մարդոյանը։

«Պատկերիր ճշմարտությունը» խորագրով նկարչական մրցույթին գրանցվել են 131, իսկ «Պատմիր ճշմարտությունը» խորագրով շարադրությունների մրցույթին՝ 97 մասնակիցներ։ 

«Պատկերիր ճշմարտությունը» խորագրով նկարչական մրցույթի հաղթողներն են՝

  1. Գոհար Չիտչյան – Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի տարածաշրջան, Կութ գյուղի միջնակարգ  դպրոց, 12-րդ դասարան,
  2. Նունե Ալչանգյան – Լոռու մարզ, Շահումյան գյուղ, Շահումյանի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան,
  3. Մարիանէ Նազարյան – Արագածոտնի մարզ, Արգավանդ համայնք, «Արտ- ստուդիո Խաչովյան»նկարչական խմբակ, 8-րդ դասարան,
  4. Գայանե Մուրադյան  – Շիրակի մարզ, գյուղ Սարալանջ, Սարալանջի միջնակարգ դպրոց, 10-րդ դասարան,
  5. Նարե  Զեյնալյան – Արարատի մարզ, Արարատ համայնք, Սուրենավան գյուղ, Սուրենավանի միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան։

«Պատմիր ճշմարտությունը» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողներն են՝

  1. Սուսաննա Էլբակյան – Արմավիրի մարզ, Քարակերտ գյուղ,  Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան(ՀՊՄՀ), 1-ին կուրս,
  2. Էլեն Մելքոնյան – Գեղարքունիքի  մարզ, Ծովինար գյուղ, Ծովինարի Ա.Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան,
  3. Անահիտ Բաղդասարյան – Արմավիրի մարզ, Արաքս համայնք, Արտիմետ գյուղ, Արտիմետի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան,
  4. Սոնա Եղիազարյան – Արմավիրի մարզ, Մրգաստան գյուղ, Մրգաստանի Կ․Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց, 8-րդ դասարան,
  5. Մարիա Մինասյան – Արարատի մարզ, գյուղ Արարատ, Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան։

Հավելենք նաև, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ալյոնա Հովհաննիսյանը և թիվ 10 միջնակարգ դպրոց, 12-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Բադալյանը հատուկ մրցանակների են արժանացել։