Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները հանդիպել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները՝ ի դեմս կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, Տնտեսական իրավունքի կենտրոնի ղեկավար Մովսես Արիստակեսյանի մարտի 7-ին հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որտեղ նրանց ընդունել են հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, հանձնաժողովի անդամներ Լիլիթ Ալեքսանյանը և Արամայիս Փաշինյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Աշխատանքային հանդիպմանը կոալիցիայի կողմից մասնակցել են նաև կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներ, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանը, կոալիցիայի փորձագետներ Մարատ Ատովմյանն ու Սյուզաննա Սողոմոնյանը, ինչպես նաև Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի համակարգող Անահիտ Մարդոյանը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրից բխող մի շարք հարցեր` ուղղված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ հզորացմանը, այդ թվում օրենսդրության և իրավական միջավայրի բարելավմանը, հաշվետվողականության ու թափանցիկության զարգացմանը, կարողությունների հզորացմանն և հանրային վստահության ուժեղացմանը: Քննարկման ընթացքում առանձնահատուկ շեշտադրվել է հանրային ու մասնավոր սեկտորներում կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթության ու հանրային իրազեկման ոլորտներում երկկողմանի ջանքերի համատեղմանը:
Կողմերը քննարկել են նաև բարեվարքության, կուսակցությունների ֆինանսավորման, վարքագծի կանոնների և այլ երկկողմ հետաքրքրության ոլորտների վերաբերյալ հարցեր:
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները պայմանավորվել են հետագա համատեղ աշխատանքի և կառույցների միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու ինստիտուցիոնալ հիմքերի ու հնարավորությունների մասին։